ՀՅԴ-ի նախաձեռնությամբ արդեն ձեւավորվել է կամավորականների պահեստային գումարտակ

Գումարտակը լինելու է ՊՆ պահեստային ուժը, նախարարության տրամադրության տակ է հավաքներ անցկացնելու:
kamavor

armtimes.com — ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթե կազմավորված է եւ առաջիկայում ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսումնավարժական հավաքներ կսկսի՝ անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանը:

— Պարոն Թադեւոսյան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարեց, որ կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

— Այս պահին կազմավորման գործընթացն ընթացքի մեջ է, բայց շատ շուտով գործընթացը կամբողջանա, կավարտվի: Բնականաբար, արդեն կան անհրաժեշտ թվով կամավորներ, բայց դեռ հերթագրումն ընթացքի մեջ է:

— Երբ հերթագրումն ավարտվի, ի՞նչ է լինելու դրանից հետո:

— Զորամաս է ձեւավորվում եւ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում՝ մեր բանակի կողքին է կանգնում հակառակորդի դեմ մարտնչելու համար:

— Կամավորները ուսումնավարժական պարապմունքներ անցկացնո՞ւմ են:

— Հիմա հավաքագրումները ավարտվում են արդեն, դրա հետ կապված որեւէ խնդիր չունենք: Գումարտակի կազմավորումն ավարտվելուց հետո ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ պետք է սկսվեն ուսումնավարժական հավաքներ, որտեղ հերթագրված անձինք պետք է անհրաժեշտ պատրաստություն ստանան եւ կազմ ու պատրաստ լինեն՝ անհրաժեշտ պահին իրենց պարտականությունները կատարելու համար:

— Դուք նշեցիք, որ կան անհրաժեշտ թվով կամավորներ: Ո՞րն է այդ թիվը:

— Այս պահի դրությամբ 500 կամավորներ արդեն գրանցվել են, բայց մենք դեռ ստուգում ենք բոլորի առողջական վիճակը, այլ հանգամանքներ, որպեսզի ընտրություն կատարվի: Այսինքն՝ այնպես չէ, որ պետք է անպայման բոլորը լինեն գումարտակի կազմում:

— Հավաքագրված բոլոր մարդիկ դաշնակցակա՞ն են, թե՞ դա պարտադիր չէր:

— Դա պարտադիր չէր, մենք երբեք որեւէ գործ մեզանով չենք արել:

— Հավաքները, ուսումնավարժական պարապմունքները որտե՞ղ են անցկացվելու:

— Այդ բոլոր հարցերը ՊՆ-ից ճշտեք, որովհետեւ այդ զորամասը լինելու է ՊՆ պահեստային զորամասը, նախարարության տրամադրության տակ է լինելու: Պաշտպանության նախարարությունը պետք է որոշի, թե որ զորամասում պետք է հավաքվեն, հավաքները որտեղ պետք է անցկացնեն:

— Պարոն Թադեւոսյան, երեկ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Կապ ունե՞ն ձեր եւ Ավետիսյանի հայտարարություններն իրար հետ: Ձեր տեղեկություններով առաջիկայում հնարավո՞ր է ռազմական գործողություն:

— Մենք Վարդան Ավետիսյանի ՀԿ-ի հայտարարության հետ ոչ մի առնչություն չունենք: Որեւէ այլ տեղեկության ես չեմ տիրապետում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել՝ կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»:

*

*