ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ

Փորձ է արվում կառավարությունը փոխարինել մեկ անձով
hyd-gm

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ, որոնք ամփոփելով՝ արձանագրում ենք.

Ընդհանուր գնահատում

 1. 2019 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորվեց կառավարություն՝ Սահմանադրության և օրենքի կամայական մոտեցմամբ, ինչը պատճառաբանվեց առաջիկայում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների մտադրությամբ, իսկ իրականում առերեսվեցինք մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցմանը: Հատկանշական է, որ նշված, ինչպես նաև քաղաքական համակարգը (մամուլի և խոսքի ազատություն, անմիջական ժողովրդավարություն, ընտրական համակարգ, սուպերվարչապետության ինստիտուտ և այլն) բարեփոխելու մասին ծրագրում անդրադարձ չկա` ի հակադրություն իշխող ուժի բազմիցս հնչեցրած մոտեցումների: Մի կողմից անորոշ է նշված բարեփոխումների հարցը, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել մեկ անձով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները: Սա երկրի ժողովրդավարական զարգացման ընթացքը խաթարող և մեծ ռիսկեր պարունակող իրողություն է:

Կառավարության ձևավորման կամայական մոտեցման վերաբերյալ մեր պնդումը հիմնված է այն փաստի վրա, որ կառավարության կազմավորումն իրականացվել է Սահմանադրության 150-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածների խախտմամբ (թեև օրենքի նորմի համաձայն՝ կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը, իսկ նշանակման պահը կարևոր է, քանի որ, մի կողմից, այն կազմավորված չլինելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է տվել, կազմավորված լինելու դեպքում կառավարությունը պարտավոր է 20-օրյա ժամկետում ԱԺ ներկայացնել կառավարության ծրագիրը): Մասնավորապես, նշված հոդվածների համաձայն, վարչապետ նշանակվելուց հետո վերջինս պարտավոր է հնգօրյա ժամկետում նախագահին ներկայացնել կառավարության անդամների թեկնածուների նշանակման առաջարկություն: Սակայն անտեսելով տվյալ պահին օրենքով ամրագրված կառավարության կառուցվածքը՝ վարչապետը ներկայացրեց կառավարության անդամների մի մասին նշանակելու առաջարկություն` դա պատճառաբանելով կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու իր մտադրությամբ: Հարցն այն է, որ այս քայլը Սահմանադրությամբ նախատեսված լիազորություն չէ (Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով, իսկ օրենքի որևէ նորմ վարչապետին չի վերապահել լիազորություն՝ տվյալ ընթացքում ներկայացնել կառավարության անդամների մի մասի վերաբերյալ առաջարկություն):

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխությանը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության դադարեցման նախաձեռնությանը, ապա այն չի համապատասխանում հանրային լայն քննարկման, արդյունավետության բարձրացման և սուպերվարչապետության համակարգը վերափոխելու՝ իշխող ուժի նախկինում հնչեցրած մոտեցումներին: Բացակայում են նաև օպտիմալացման անվան տակ իրականացվող կրճատումների սոցիալ-տնտեսական գնահատականները, անտեսվում են կամ չեն կարևորվում հայաստանյան և Սփյուռքի հանրության կարծիքները, մյուս կողմից՝ նվազեցնելով կառավարության անդամների թիվը, առանձին նախարարության գործառույթներ տեղափոխելով վարչապետի աշխատակազմ, կառավարության կազմում չներառելով ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը, փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետի գերկենտրոնացած ինստիտուտով՝ զրկելով կառավարության անդամներին, հատկապես նախարարներին, Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված՝ ինքնուրույն գործելու իրավասություններից:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*