Երևանի ավագանու՝ ՀՅԴ ցուցակի թեկնածուներն այցելել են «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոններ

Առևտրի կենտրոններում պետք է լինեն քաղաքակիրթ առևտրի պայմաններ...
hyd

Երևանի ավագանու` ՀՅԴ ցուցակի թեկնածուներն այսօր այցելեցին «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոններ՝ քաղաքացիների հետ զրուցելու, առևտրի կենտրոններում առկա խնդիրները քննարկելու և իրենց նախընտրական ծրագրին ծանոթացնելու համար: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Թեկնածուներից Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ ընտրել են հենց այս առևտրի կենտրոնները՝ որպես Երևանի ամենաբանուկ առևտրային կենտրոններ, բացի այդ՝ հենց այստեղ են այցելում նրանք, ովքեր ավելի մատչելի ապրանք են փնտրում:

«Տարածքի մեծությամբ, գտնվելու վայրով և որպես Երևանի հին առևտրի կենտրոն ընտրել ենք «Փեթակ»-ն ու «Սուրմալու»-ն: Բացի այդ՝ ուզում ենք անկեղծ զրույցի շրջանակներում հասկանալ՝ տեղում ինչ խնդիրներ կան, որ կարող ենք հետագայում բարձրաձայնել և լուծումներ գտնել: Կարծում եմ՝ առևտրի կենտրոններում պետք է լինեն  քաղաքակիրթ առևտրի կենտրոնների պայմաններ: Բնականաբար, խոսքը խիստ էլիտար կենտրոններ ունենալու մասին չէ, այլ միջին կարգի, առնվազն` բարեկարգ, մաքուր, հարմարավետ պայմաններով կենտրոններ՝ և′ վաճառողների, և′ այցելուների համար»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ պետք է տեղի ունենա մասնավորի և համայնքային իշխանության լավագույն համագործակցություն՝ նմանատիպ կառույցները վերանորոգելու համար: Սիմոնյանի համոզմամբ՝ անկախ նրանից, որ վերոնշյալ առևտրի կենտրոնները մասնավոր տարածք են համարվում, բայց, ի վերջո, երևանցին է օգտվում դրանցից:

«Կարելի է գտնել լուծումներ, որոնց շնորհիվ ավելի քաղաքակիրթ ձևով հանրությանը կներկայանան այս առևտրի կենտրոնները: Ինքս հաճախ եմ այստեղից գնումներ կատարում, քանի որ կան ապրանքներ, որոնք կարող ես միայն այստեղից գնել: Ի դեպ, շատ մատչելի են գները: Սակայն, իմ կարծիքով, պայմաններն այնքան էլ բարվոք չեն. նախ` պետք է արտաքին տեսքը բարելավել, ներսի բարեկարգմամբ զբաղվել, օդափոխման համակարգի, մաքրության, ավտոկայանատեղիի հարցերը լուծել»,- ասաց Սիմոնյանը:

«Փեթակ» առևտրի կենտրոնի վաճառականներն ավագանու ՀՅԴ-ական թեկնածուների հետ զրույցում բարձրաձայնեցին որոշ խնդիրների մասին, մասնավորապես` կուզեին կարգավորվեր ջեռուցման հարցը՝ ձմռանը տարածքում ցուրտ է լինում, քանի որ ընդհանուր ջեռուցման համակարգ չի գործում, յուրաքանչյուր տաղավար ինքն է հոգում իր ջեռուցման խնդիրը: Աշխատակիցները նաև նշեցին կոմունալ պայմանների անհարմարության մասին, մասնավորապես, որ զուգարանները վճարովի են անգամ իրենց համար: Իսկ որպես առավելություն` առևտրականները նշում էին տարածքի մաքրությունը, որը առևտրի կենտրոնի տնօրինությունն է ապահովում:

*

*