«Հեռու պահենք կաշառք տվողներին և քաղաքական այլ ֆոկուսնիկներին»,- ասում է Սպարտակ Սեյրանյանը

«Ծրագրերի ու գաղափարների բախում չկա, կա մեծ գայթակղություն մրցակցել այլ ոլորտում»

yerkir.am— Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանը ընտրողների հետ հանդիպում ունեցան Դիլիջան քաղաքում:

Դիմելով ընտրողներին Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ բոլորը փորձելու են շահել նրանց քվեն տարբեր ձևերով:

«ՀՅԴ-ն միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին ասել է, որ ճիշտ կառավարման համակարգը խորհրդարանական համակարգն է: Այս ընտրություններով սկիզբ է դրվելու առաջին խորհրդարանական հանրապետությանը: Հետևաբար այս խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են մյուսներից: Դուք եք ձևավորելու այս խորհրդարանը, և ձեզնից է կախված թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու»,- ասաց նա:

Սեյրանյանի խոսքով ՀՀ-ում այսօր շատ խնդիրներ կան, բայց ՀՅԴ-ն ամենից շատ կարևորել է երեք խնդիրներ: Այդ խնդիրները պետության ներքին արտաքին անվտանգություն է, տնտեսության զարգացումը և արդարությունը: Այս երեք հիմնախնդիրները իրար հետ կապված են, եթե մեկը չլինի, մյուսներն էլ չեն լինի»,- ասաց նա, ապա հավելեց, որ ամենամեծ դեֆիցիտը մեր երկրում, որ եղել է, արարդության դեֆիցիտն է, իսկ ՀՅԴ ծրագրային դրությաների մեջ գերակատար է սոցիալական արդարության վերականգնումը:

Սեյրանյանը, դիմելով ընտրողներին, նշեց, որ այս շրջանում շատ քաղաքական ուժեր են նրանց դիմելու, ներկայացնելու իրենց ծրագրերը:

«Ծրագրերի ու գաղափարների բախում չկա, կա մեծ գայթակղություն մրցակցել այլ ոլորտում. ով ավելի շատ ընտրակաշառք կբաժանի, ով սուտ կխոսի ասելով, թե քանի օրում են ՀՀ-ն դարձնելու դրախտավայր: Այն մարդը, որը ձեզ առաջարկում է ձեր քվեն վաճառել, այդ մարդը վաղը ԱԺ-ում վաճառելու է իր քվեարկությունը: Մարդը, որը ձեզ խաբում է երևակայական թվերով, վաղը ձեզ ասելու է, որ չկարողացավ դրանք իրականացնել: Ժամանակն է՝ մեզնից հեռու պահենք կաշառք տվողներին և քաղաքական այլ ֆոկուսնիկներին: ՀՅԴ-ն առաջարկում է մի ծրագիր, որով ապրիլի երկուսից հետո պարզ նայելու է ձեզ: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ մենք միմյանց հետ չենք մրցակցում, հաղթելու է թիմը, հաղթելու է ծրագիրը, եթե Դաշնակցության ծրագիրը հաղթեց, շահելու է Հայաստանը»:

*

*