Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ)

ՀՅԴ երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների անդամներին ոտքի է հանել Լապշինի ձերբակալությունը...

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունն ու կալանավորումը Բելառուսում ոտքի է կանգնեցրել լրագրողական միջազգային ընկերակցությանը: Արտահանձնելո՞ւ են, թե՞ ոչ, հայտնի բլոգերին Բաքվի պահանջով:

Ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Երեւանում:

Արցախ այցելողների համար նախատեսված Ադրբեջանի «սեւ ցուցակը» հավանաբար մի օր աշխարհի ամենաերկար սեւ ցուցակն է ճանաչվելու: Չնայած այս երկրի սպառնալիքներին՝ շատերն են ուզում գոնե մեկ անգամ ոտք դնել Արցախի հողի վրա:

Դաշնակցության երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների անդամներին մեր երկրում Բելառուսի դեսպանատուն է բերել այդ համարձակներից մեկի իրավունքների ոտնահարումը: Դեռ նախորդ տարի դեկտեմբերին Մինսկի ոստիկանությունը Ադրբեջանի իշխանությունների միջնորդությամբ ձերբակալել է Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Նա Ադրբեջանի թշնամին է հավարվում 2011 թվականից՝ երեք անգամ Արցախ այցելելու, նաեւ իր բլոգում պաշտոնական Բաքվի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը, սակայն, Լապշինի ձերբակալությամբ չի սահմանափակվում՝ պահանջում է արտահանձնել բլոգգերին: Սա անթույլատրելի է՝ ասում են երիտասարդները:

Իրենց դժգոհություններով նամակը երիտասարդները պատրաստվում էին հանձնել դեսպանատան ներկայացուցչին, բայց, ցավոք, նեսից այդպես էլ ոչ ոք դուրս չեկավ:

Այս պահվածքն էլ ավելի վրդովեցրեց երիտասարդներին, որոշեցին նամակը թողնել, բայց ոչ այնպես ինչպես, որ ընդունված է։ Փոստարկղը գցելու փոխարեն նրանք այն թողեցին դեսպանատան դռան առջեւի գորգին: Իսկ իրենց հետ բերած պաստառները փակցրեցին դեսպանատան դարպասներին:

Հետո արդեն ակցիայի մասնակիցները հեռացան՝ խոստանալով հետեւողական լինել այս հարցում. Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների ոտնահարում է ու պետք է ոտքի հանի ողջ միջազգային հանրությանը:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*