ՀՅԴ Բյուրոյի անդամ. Մենք վերցնելու հող ունենք

Չպետք է խոսել որևէ զիջման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքը չի ճանաչել
lghh-sahman-hakarakord
Լուսանկարը՝ razm.info-ի

«Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ` մենք վերցնելու հող ունենք, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է: «Դրա համար «Ոչ մի թիզ հող» ասելը հիմա նշանակում է` ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար»,- ասաց Մանոյանը:

Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբեր չե՞ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, նա պատասխանեց` անշուշտ, տարբեր են: «Սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն մենք գնացինք, դուք մնացեք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը, և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում»,- ասաց Մանոյանը:

Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը կվերադարձնի միայն այն տարածքները, որոնք Ղարաբաղի անվտանգությանը չեն սպառնում:

Հարցին, թե այդ ո՞ր տարածքներն են, որ մեր անվտանգությանն իրոք չեն սպառնում, Մանոյանը պատասխանեց, որ եթե Նալբանդյանը նման հարցման տեղիք է տվել, պետք է հենց նրան էլ այդ հարցն ուղղել:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է` քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը չպետք է խոսի որևէ զիջման մասին: Անհրաժեշտ է, որ փոխադարձ զիջումները լինեն հավասար, համարժեք ու միաժամանակյա: Չպետք է այնպես լինի, որ մենք այսօր զիջում ենք, նրանք էլ վաղը զիջեն, որովհետև մինչև վաղը կարող է մտափոխվեն: Դրա համար էլ կարծում եմ, որ չպետք է խոսել որևէ զիջման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքը չի ճանաչել»,- ասաց Մանոյանը:

*

*