ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը (ՈՒՂԻՂ)

ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը

Այսօր ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով:

ՀՅԴ-ն 33-րդ Ընդհանուր ժողովից հետո հայտարարություն էր տարածել, որում նշվում էր նաև, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է:

Հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում այդ ռազմաքաղաքական դաշինքը, և ինչո՞ւ է հենց այսօր Դաշնակցությունը խոսում այդ մասին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Դաշնակցությունն այդ հարցը բարձրացրել էր վաղուց: Նրա խոսքով` առնվազն նրանք, ովքեր մի քիչ երկար կենսագրություն ունեն քաղաքական կյանքում, կփաստեն, որ ռազմաքաղաքական դաշինքի մասին Դաշնակցությունը խոսել է երևի 10 տարուց ավելի:

«Դրա անհրաժեշտությունը միշտ կարևորել ենք: Ռազմաքաղաքական դաշինքը, ըստ էության, մի կողմից չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից` կարձանագրի Հայաստանի և Արցախի անմիջական կապը: Այսինքն` այն ամենը, ինչ դե ֆակտո ունենք, դե յուրե իրավական դաշտ բերելու իրավական հարցն է լուծելու ռազմաքաղաքական դաշինքը: Այս խնդիրների հետապնդման  հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Եթե հիշեք, ժամանակին` դեռ նախագահական ընտրություններին, երբ Վահան Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը, խոսել էինք Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին պակտ կնքելու վերաբերյալ: Իսկ ապրիլյան պատերազմի հետևանքներով` մեր առաջարկությունն ընդունեց իշխանությունը, հանձնարարություն տվեց ԱԳՆ-ին, որ պատրաստի փաստաթուղթ»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ այդ ամբողջ աշխատանքների մեջ Դաշնակցությունը միշտ ներգրավված է եղել:

«Այսօր ունենք Արցախի անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ` նոր պատերազմ հրահրելու` Ադրբեջանի մտադրությունների առումով: Պետք է հստակ արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա` նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ մենք մատնանշումներ արել ենք նախորդ բոլոր` համագործակցության պայմանագրերում: Այսինքն` բացարձակապես անհիմն են, և ես բացատրություն չեմ տեսնում այն հայտարարությունների մեջ, թե Դաշնակցությունը նոր է հիշում սրա մասին: Գուցե ուղղակի ոմանց պետք է այդպես ներկայացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին Դաշնակցության համաժողովն էլ հստակորեն արտահայտվեց` որդեգրելով նախկին մոտեցումները:

«Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ, ապրիլյան քառօրյայից հետո և ներկա իրավիճակից ելնելով, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որևէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությունը»,- ասաց Տեր-Խաչատուրյանը:

 

*

*