Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին

Ավելի վաղ ԳՄ-ն հայտարարել էր իր նախարարներին հետ կանչելու մասին։
nikol-pashinyan-hanrahavaq

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշում: Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղում ստորագրելով այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները:

«Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական, «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվելու են: Եվ նրանք, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳՄ-ն հայտարարել էր իր նախարարներին հետ կանչելու մասին։

*

*