Բագրատ Եսայան. «Չենք ամաչում մեր անցած ճանապարհից, չենք ուզում մեր դեմքը փոխել…»

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ:
bagrat-yesayan

yerkir.am— Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ:

ՀՅԴ-ական, ԿԳ նախարարի փոխնախարար Բագրատ Եսայանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն 127 տարեկան է և միշտ եղել է հայ ժողովրդի քաղաքական իրականության մեջ, իսկ այսօր ՀՅԴ-ի հետ մրցակցող ուժերից ոմանք ստեղծվել են 2-3 ամիս առաջ: Բացի այդ, ըստ նրա` ստեղծվել են դաշինքներ, որոնք, պարզ չէ, որ կողմ են գնում` ներկայացուցիչներից մեկն ասում է դեպի ՌԴ գնանք, մյուսը` Եվրոպա:

«Մեր քաղաքական կուսակցությունը` թե որպես անձեր, թե որպես ՀՅԴ, մշտական ու կայուն է եղել, ինչի համար էլ մենք իրավունք ունենք ասել` ընտրեք Դաշնակցությունը: Մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից, չենք ուզում մեր դեմքը փոխել ու նոր մարդիկ բերելով` ասել, թե տեսեք` ինչ նոր ու սիրուն դեմքեր ենք բերել, նրանց ընտրեք: Ո՛չ, մենք հաստատուն ենք` թե՛ ընդդիմության մեջ, թե՛ իշխանության մեջ նույն բանն ենք ասում»,- ասաց Եսայանը: Բոլոր քաղաքական ուժերը, Եսայանի կարծիքով, ասում են, թե երկիրն ու տնտեսությունը պետք է զարգանա, իսկ թե ինչպես պետք է զարգանա, ոչ ոք չի ասում:

Իսկ ՀՅԴ-ն, Եսայանի խոսքով, սոցիալիստական երկիր է, և նախորդ 27 տարիներին իշխել են լիբերալ ուժերն ու նրանց գաղափարախոսության պատճառով ժողովրդի մի փոքր հատվածը հարստացել է ու շարունակում է հարստանալ, իսկ օրըստօրե աղքատացող ժողովուրդը շարունակում է աղքատանալ.

«Միայն ՀՅԴ-ն է, որ ասում է` սա ճիշտ ճանապարհ չի: Մենք պատրաստվում ենք այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որ աշխատող մարդն արդյունքում ստանա աշխատավարձ, որը կապահովի նրա արժանապատիվ գոյությունը, երբ ծերերը թոշակի անցնելուց հետո ոչ թե գրոշներ կստանան, այլ արժանապատիվ թոշակ: Մենք կարծում ենք, որ այս տնտեսական համակարգը պետք է դեմոնտաժ արվի և տնտեսական նոր հարաբերություններ հաստատվեն երկրում»:

Եսայանը նկատում է` բոլոր կուսակցությունները խոսում են ներդրումների մասին, սակայն, ըստ նրա, երկրում ներդրումներ են արվում, երբ իշխանության հանդեպ վստահություն են ունենում:

Ներդրումների միակ աղբյուրը, Եսայանի կարծիքով, Սփյուռքն է, իսկ Սփյուռքում միակ ուժը, ում հանդեպ Սփյուռքում կա վստահությւոն, Դաշնակցությունն է: Իր խոսքն ամփոփելով` Եսայանը կոչ արեց ապրիլի երկուսին ընտրություն կատարել խղճով, ոչ թե վաճառել իրենց ձայնը:

*

*