ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են համակիրների հետ

Աղվան Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի 25-ամյա անկախ պետականությանը, ՀՅԴ-ի քաղաքական ուղեգծին:
hyd-handipum

yerkir.am-Տավուշի մարզում  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ԳՄ անդամ  Աշոտ Փափազյանն ու ԳՄ կազմակերպական լիազոր մարմնի անդամ Արտակ Սարգսյանը հանդիպել են կուսակիցների ու համակիրների հետ, մասնավորապես  եղել Այրումում, Բաղանիսում, Կողբում, Իջևանում: Քննարկումները ծավալվեցին երկրի առջև ծառացած խնդիրների, մարդկանց սպասելիքների շուրջ: Աղվան Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի 25-ամյա անկախ պետականությանը,  ՀՅԴ-ի քաղաքական ուղեգծին: Նրա  խոսքով` քաղաքական ուժերի ու կուսակցությունների , իշխանության և ընդդիմության հանդեպ կա անվստահություն, և մարդիկ շատ հաճախ իրենց հույսը չեն կապում քաղաքական ուժերի հետ, բայց աշխարհում այլ մեխանիզմ չկա երկիրը կառավարելու, որովհետև ղեկավարման մեկ ձև կա` ընտրություններ, որին մասնակցում են քաղաքական ուժերն իրենց մարդուժով, իրենց ծրագրերով, գաղափարներով և կախված նրանից, թե ով է իշխանության ղեկին,  այդպիսին էլ լինում է երկրի վիճակը:

«Մի իմաստուն հին խոսք կա, որ ցանկացած ժողովրդի մեջ հինգ տոկոսը ամենալավերն են, հերոսներն են, ազնվագույններն են, հինգ տոկոսը ստոր մարդիկ են, տականքներն են, և 90 տոկոսը պարզ մարդիկ են:Եվ կախված նրանից, թե որ հինգ տոկոսն է իշխանության ղեկին, այն 90 տոկոսը սկսում է նմանվել նրան, և նրա պես մտածել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Այրումի բնակիչներից մեկը մտահոգված էր քաղաքի զարգացման համար կառավարության նախատեսած ծրագրերի արդյունավետությամբ, ասելով, որ նախ բնակչությունը իրազեկված չէ, թե ինչ ծրագիր է իրականացվում քաղաքում, և որ ծրագրերի արդյունավետության խնդիր կա:

«Կարող է 2-3 միլիոնանոց ծրագիր իրականացվի, բայց անարդյունավետ, բայց բավական է 10-15 հազար դոլար ներդրում արվի ճիշտ ուղղությամբ, և մարդիկ կսկսեն շնչել»,- ասաց Այրումի բնակիչը:

Աղվան Վարդանյանը նախ նշեց,  ուրախ կլինեն, որ դաշնակցական նախարարների գործունեությունը լինի մանրադիտակի տակ, որովհետև վստահ են նրանց և գիտելիքների, և կարողություններին, և խղճին ու ազնվությանը` հավելելով, որ դաշնակցական նախարարներից երկուսի գործունեությունը էկոնոմիկայի նախարարի ու տարածքային կառավարման նախարարի, կապված են բնակչի բարձրացրած այդ կարգի հարցերի հետ:

Թե Այրումի, թե Բաղանիսի ու Իջևանի բնակիչները բարձրացեցին աշխատատեղերի ու համայնքների խոշորացման հետ կապված մտահոգությունները, ինչին ի  պատասխան Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ որ համայնքների խոշորացումը ժամանակի պահանջ է և 930 համայնք ունենալը փոքր երկրում այդքան էլ ճիշտ չէ. այդպես հնարավոր չէ օպտիմալ կառավարում իրականացնել. համայնքների միավորումն էլ պետք է ճիշտ կատարվի, և աշխարհագրական, և պատմական,և հոգեբանական, և սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների առումով: Բնակիչները մտահոգված էին, որ համայնքների միավորումը հավասարաչափ չի տեղի ունենում, մի տեղ երկու գյուղ է միավորվում, մի տեղ էլ 6-7 գյուղ: Բաղանիսի բնակիչներից մի քանիսն էլ որպես կոմպրոմիսային լուծում առաջարկեցին ընտրել միջհամայնքային համագործակցության մոդելը: ԳՄ ներկայացուցիչները եղան նաև Կողբի գեղարվեստական դպրոցում ու ծանոթացան սաների աշխատանքների հետ:

Իջևանում ԳՄ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՅԴ Իջևանի կառույցի անդամների հետ: Քննարկվեցին նոր դիմումագրերը, կուսակցաշինության վերաբերող մի շարք հարցեր: Նշվեց, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները