Արթուր Խաչատրյան․ «Չկա Արցախի խնդիր․․․Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է»

Ի՞նչ նախընտրական ծրագրով է հանդես գալիս ՀՅԴ-ն, որքանո՞վ է դրա իրականացումը հավանական կամ իրատեսական:
artur-khachatryan-hyd

panorama.am— Մարտի 5-ից խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերն ու ապագայի տեսլականը:
Ի՞նչ նախընտրական ծրագրով է հանդես գալիս ՀՅԴ-ն, որքանո՞վ է դրա իրականացումը հավանական կամ իրատեսական:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը ՀՅԴ նախընտրական ծրագրի մշակման հանձնախմբի անդամ է:
Ներկայացնելով ՀՅԴ ծրագիրը՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն հիմնված է չորս ուղղությունների վրա՝ մարդ և պետություն, բիզնես և պետություն հարաբերություններ, հանրային կառավարման համակարգի բարեփոխումներ, Արցախի հարց, անվտանգություն ու արտաքին քաղաքականություն:
«Նախընտրական ծրագրում արտացոլել ենք Դաշնակցության էությունը՝ որպես ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական կուսակցություն, որը մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ ախտորոշել են բոլոր խնդիրները, որոնք հիմնականում գալիս են նրանից, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, անկախության վերականգնումից ի վեր, զարգացել է ոչ ճիշտ ճանապարհով:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հիմնված է եղել ինքնակարգավորվող շուկայի լիբերալ գաղափարախոսության և «անցումային տնտեսության» մոտեցման վրա:

«Պետությունն ուսերից թոթափեց պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ: Եւ չզգալով պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, քաղաքացին դադարեց պատասխանատվություն զգալ պետության ու երկրի հանդեպ: Արդյունքը վիթխարի ծավալների հասնող արտագաղթն է, երբ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածությունը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական աճի արդյունքները արդարացի բաշխել հասարակության բոլոր անդամների միջև և, ամենակարևորը, պետք է աշխատավարձերը բարձրացվեն: «Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Հիմա կասեն, թե այս դեպքում կնվազի բիզնեսի եկամտաբերությունը, բայց տնտեսական արտադրանք, արդյունք ստեղծվելու է, պարզապես այն կբաշխվի բիզնեսի սեփականատիրոջ և աշխատողների միջև»,- նշեց նա:
Մյուս խնդիրը վերաբերում է սոցիալական համակարգին: Արթուր Խաչատրյանի խոսքերով՝ տրամաբանական չէ, որ մարդը տարիներ շարունակ ստանա նպաստ: Ըստ նրա՝ եթե մարդը տարիներ շարունակ նպաստով է ապրում, ուրեմն համակարգում ունենք լուրջ խնդիրներ «Նպաստը նրա համար է, որ դժվարին պայմաններում հայտնված մարդուն օգնի, մինչդեռ կան մարդիկ, որ կամովին հրաժարվում են աշխատանքից, որպեսզի նպաստ ստանան: Պետությունը պետք է ակտիվ քաղաքականություն վարի, որպեսզի մարդկանց վերադարձնի աշխատաշուկա»,- նշեց Արթուր Խաչատրյանը:
Հաջորդ խնդիրը վերաբերում է առողջապահական համակարգին: ՀՅԴ նախնտրական ծրագիրն առաջարկում է ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որի դեպքում ոչ մի քաղաքացի չհայտնվի մի իրավիճակում, երբ գումար չունենալու պատճառով զրկվի բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Այսինքն, ըստ նախընտրական ծրագրի մշակման հանձնախմբի անդամի, առողջապահության ֆինանսավորման համակարգը պետք է հնարավորինս վերանայվի:
Ծրագրով հատուկ ուշադրություն է հատկացված ժողովրդագրական խնդիրներին:

«Մենք կանգնած ենք ժողովրդագրական աղետի առաջ: Մարդիկ աշխատանք, բնակարան չունենալու պատճառով ուշ են ամուսնանում, քիչ երեխա են ունենում, կամ էլ հեռանում են երկրից: Դրա համար արտագաղթը կանխելու նպատակով պետք է ստեղծել հնարավորություններ, որ յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ծրագրով առաջարկվում է նաև օգնել մտավոր ու ֆիզիկական թերություններով մարդկանց ինտեգրվել հասարակությանը, ստեղծել մեխանիզմ, որը խոչընդոտում է բնական ռեսուրսների շահագործմանը, հաշվի առնելով, որ հողը, ընդերքը, ջուրը, կենդանի ու բուսական աշխարհը ժողովրդի համընդհանուր սեփականությունն են, ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարում, քաղաքացիների հայրենադարձությանն ուղղված ակտիվ քաղաքականություն վարել։
Ինչ վերաբերում է բիզնես և պետություն համագործակցությանը, ապա ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել արդարացի պայմաններ բիզնեսի համար: Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցության արդար պայմաններ և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններ: Բացի այդ, պետությունը պետք է պատրաստ լինի մասնավորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է:

«Հայրենական արտադրողը վստահաբար պետք է վայելի պետության օժանդակությունը: Նորմալ չէ, որ օրինակ, թուրքական լոլիկը լցվել է Հայաստան և մեր գյուղացին չի կարողանում սեփական արտադրանքը վաճառել: Այստեղ ևս խնդիրները շատ են, ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձենլ այս խնդիրներին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ըստ ՀՅԴ ծրագրի՝ կարևոր ուշադրություն պետք է դարձվի կրթական համակարգին: Ա.Խաչատրյանը նշեց, որ բազմաթիվ ընկերություններ այսօր ունեն թափուր աշխատատեղեր, բայց չեն կարողանում գտնել համապատասխան մասնագետների:
«Բայց դրա հետ մեկտեղ ունենք մեծ թվով գործազուրկ երիտասարդներ, որոնք ավարտել են բուհը, բայց աշխատանք չունեն: Դրա համար բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն»,- ասաց նա:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Պետական ծառայության, ըստ նրա, պետք է անցնեն միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք.

«Պետական աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ նրա աչքը դուրս չլինի: Որևէ պարագայում պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար»:
ՀՅԴ նախընտրական ծրագրում հատուկ կարևորվում է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդումը, բանակցություններին որպես լիիրավ կողմ Արցախի մասնակցության համար ջանքեր գործադրելը:
«Մեզ համար չկա Արցախի խնդիր, մեզ համար Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստ լինել դիմակայել թշնամուն: Իրականում պատրաստ լինելով պատերազմին մենք դրանով ապահովում ենք խաղաղությունը: Միակողմանի զիջումները պատերազմի հրավերք ենք, միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը: Արցախը մեզ համար Հայաստանի մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
ՀՅԴ ծրագրի մշակման հանձնախմբի անդամը նշեց, որ իրենք առաջակում են իրատեսական ծրագիր: «Մենք այսօր լինելով կառավարության մաս, ծրագրային որոշ դրույթներ արդեն իրականացնում ենք: Օրինակ՝ երբ ասում ենք պետությունը պետք է խրախուսի բիզնեսին, այսօր դա իրականացվում է: Մարզերից ստանում ենք բիզնես առաջարկություններ և պետությունն ուղղակի աջակցություն է տրամադրում այդ ձեռնարկություններին: Մենք կոչ ենք անում, որ այդ մոտեցումը ավելի խորանա»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ ՀՅԴ քարոզարշավն անցնում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները