Արմեն Ռուստամյան. «Ընտրություններին գնում ենք խոստումները կատարած»

«Սերմեր ենք ցանել և նույն սրտացավությամբ ուզում ենք մշակել»
Armen-rustamyan

yerkir.am— Համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին գնում է լավատեսությամբ, և այդ լավատեսությունն իրական հիմքեր ունի հենց իրենց աշխատանքի և նվիրման արդյունքում:

«Լավատեսությունը մենք երկար տարիների մեր աշխատանքի գնով ենք վաստակել: Մենք այս ընտրություններին գնում ենք ոչ թե ոմանց նման խոստումներ տված ու մոռացած, այլ՝ խոստումները կատարած: Եթե վերցնեք և նայեք Դաշնակցության նախորդ նախընտրական ծրագրերը, կտեսնեք, որ հիմնական իմաստը, որ նախընտրական ծրագրերում միշտ կրկնվել է, կոչված է եղել վերացնել այն պատճառը, որ այսօր մեզ բոլորիս մտահոգում է և առաջացրել է մեր բոլորի արդարացի դժգոհությունը»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ երկրում արմատացած խնդիրների պատճառները վերացնող դեղատոմսեր ստեղծած ու բաց ճակատով են գնում մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:

«Մենք երկրում լուրջ փոփոխությունների հիմքեր ենք ստեղծել: Այդ փոփոխություններն արդեն գրված են այն Սահմանադրության մեջ, որ փոխեց մեր երկրրի կառավարման համակարգը, այն Ընտրական օրենսգրքում, որ փոխեց այն ընտրությունների բնույթը: Մարդիկ ուղղակի հիասթափվել են, ընտրություններն իրար հետևից տեղի են ունեցել ու ոչ մի փոփոխություն չի եղել, դրանով կորցրել են իրենց նշանակությունն ու արժեքը, հիմա մենք այս ամենը վերադարձրել ենք ժողովրդին: Մենք մեր ընտրողներին ենք վերադարձրել իրենց հիմնարար ընտրելու իրավունքը, որի խաթարումից է սկսվել մնացած բոլորի իրավունքների ոտնահարումը: Խնդիրներին համալիր լուծումներ են պետք, համակարգ է պետք փոխել, ինչն էլ արել է Դաշնակցությունը»,- ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով.

«Սերմեր ենք ցանել և նույն սրտացավությամբ ուզում ենք մշակել, որպեսզի ծիլ տա, ծաղկի և բոլորս էլ դրա տված պտուղներից օգտվենք»:

*

*