«Եթե նրա համար Ղարաբաղն ու Երեւանը նույնը չեն, այստեղ մենք արդեն խնդիր ունենք»

Արտաշատցիների հետ հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանն անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:

Արարատի մարզում Դաշնակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումն ազգային ու հեղափոխական երգերով սկսվեց: Երգացանկն ու այս ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը կուսակցության ներկայացուցիչները պատահական չեն ընտրել՝ դարից ավելի ազգայինը պահպանելն առաջնահերթություն է եղել նաեւ Դաշնակցության համար:

«Ընտրությունը համեմատություն է, պետք է ձեր առջեւ «փռեք» ինը մասնակցող ուժերին, նայեք մեկ առ մեկ, ուսումնասիրեք ու հասկանաք, որն ինչ առավելություն կամ թերություն ունի: Այս իմաստով Դաշնակցությունը որակապես, էապես տարբերվում է մյուսներից: Որ կուսակցությունն է, որ մեր ժողովրդի կյանքում կենսագրություն ունի, փորձառություն ունի, անցյալ ունի, արած գործ ունի, այո, նաեւ թերություններ, նաեւ վրիպումներ, նաեւ սխալներ, բայց, համեմատեք: Դաշնակցությունն է, որ 127 տարի մեր ժողովրդի հետ է, որովհետեւ այս կուսակցությունը ստեղծվել է՝ որպես հարազատ արտացոլանք մեր ժողովրդի: Եթե նայեք Դաշնակցության զինանշանին, կտեսնեք սուրը, բահը եւ գրիչը: Ուժ՝ արտաքին թշնամիներից մեր ժողովրդին պաշտպանելու, աշխատանք, աշխատողի պաշտպանություն, բահը եւ գրիչը՝ որպես մեր դարավոր իմաստության եւ փորձառության խորհրդանիշ: Այս 127 տարիների ընթացքում չի եղել մեր ժողովրդի կյանքում մի կարեւոր իրադարձություն, մի կարեւոր բան, որին Դաշնակցությունը մասնակցած չլինի»,- ասել է Աղվան Վարդանյանը: 

Վերջին տարիների համառ պայքան էլ անարդյունք չէ՝ նոր կառավարման համակարգ , սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք ունենք՝ վստահեցնում է կուսակցության համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նոր ու դրական փոփոխություններ են, որոնք կկարողանան երկրում խոր ամրատներ ձգած ու արդեն հնացած միանձնյա կառավարման համակարգի դեմն առնել: Այս հարցում մեր երկիրն արդեն կես ճանապարհն անցել է ու իրենք հենց այս ձեռբերումն առաջ տանելու համար լավատեսությամբ են ընտրապայքարի դուրս եկել. Արմեն Ռուստամյանի համոզմունքն է:

Նախընտրական շրջան է՝ քվե ստանալու համար խոստումները շատ: Արտաշատցիների հետ հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանն անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ տարածքների հանձնման վերաբերյալ նրա շեշտադրումներին:

« Ինձ մոտ տպավորություն է, որ այդ քաղաքական ուժը կատարում է Ադրբեջանի գործը: Ադրբեջանն է ամեն տեղ թմբկահարում՝ հանձնեք տարածքները, թե չէ կգրավենք նաեւ Երեւանը: Ադրբեջանից նման մոտեցում սպասելի է, Հայաստանի առաջին նախագահից՝ անընդունելի»,- նշել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Երեւանին որեւէ մեկը չի սպառնում, նրանց կռիվը Ղարաբաղին է վերաբերում, Ռուստամյանը պատասխանեց.

«Եթե նրա համար Ղարաբաղն ու Երեւանը նույնը չեն, այստեղ էլ մենք խնդիր ունենք, այս է ողջ հարցը»:

«Ադրբեջանն անընդհատ հոխորտում է եւ վախեցնում, հիմա էլ մի քաղաքական ուժ եկել է ու մեր մեջից է դա անում: Հիմա էլ ամբողջ ժողովրդին է վախեցնում, որ Ղարաբաղի հարցը եթե տարածքների հանձնմամբ չլուծվի, մենք այս երկրում նորմալ չենք ապրի: Փաստորեն, Ադրբեջանի նման կա եւս մեկ քաղաքական ուժ, որը պարզապես այդ հանրաքվեի արդյունքերը չի ճանաչում: Այդ ճանապարհն իսկապես մեզ թուլացնող, պառակտող, վախեցնող ճանապարհ է: Հերիք է մարդկանց մոլորեցնեք, որ իբր թե այդ հաղթող քաղաքական ուժն է եկել, ոչ, այդ քաղաքական ուժը չէր հեռանա 1998-ին, եթե իրեն չպարտադրեին հեռանալ, որովհետեւ չեն համաձայնել այդ խաղաղության ծրագրին, տարածքներ՝ խաղաղության դիմաց տխրահռչակ բանաձեւը չի ընդունվել իր իսկ շրջապատի կողմից»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

Հանդիպումից հետո մեկնարկեց հեղափոխական երգերի համերգային ծրագիրը:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները