Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է․ Մասիս Մայիլյան

«Դաշնակցություն» խմբակցության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր քննարկում․․․

Ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ «Ապրիլյան պատերազմի դասերը և մեր անելիքները» թեմայով: Քննարկման ժամանակ ԱՀ արտաքին գործերի նախարարը անհրաժեշտ է համարել  ՀՀ-ի և ԱՀ-ի  միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Այս մասին հայտնում է «Ապառաժ»-ը։

Նա նշել է, որ դաշինքի կնքման դեպքում անվտանգության մակարդակի շոշափելի ուժեղացում չի սպասում և միաժամանակ շեշտել. «Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես մեր անվտանգության երաշխավորն է և լինի այդ պայմանագիրը կամ չլինի մեկ է, այդ գործառույթները կատարելու է, եթե դրա հարկը լինի:

Բայց դրա անհրաժեշտության հետ կապված ուրիշ փաստարկներ կան. մեր երկու հայկական պետությունների հարաբերությունների կարգավորման խնդիր կա: Այսինքն, կա փաստացի համագործակցություն տարբեր ոլորտներում և այդ պայմանագիրը, այդ դաշինքի կնքումը դիտարկում եմ իրավական հիմքեր ստեղծելու դիտանկյունից: Դա պետք է լինի համապարփակ շրջանակային փաստաթուղթ, որի մեջ փազլի պես մենք կարող ենք հավաքել տարբեր բաղադրիչներ և անվտանգության, և տնտեսության հետ կապված, և տարբեր ոլորտների հետ կապված, կանոնակարգել մեր հարաբերությունները և այն դնել  իրավական ավելի ամուր հիմքերի վրա»:

Մասիս Մայիլյանն ավելացրել է, որ դաշինքի օգտին կան նաև այլ փաստարկներ, և երկու հայկական պետություններում քննարկումներ են ընթանում դրա վերաբերյալ:

*

*