Անահիտ Հարությունյան․ «Եկեք մեր տանը լինենք պահանջատեր»

ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Անահիտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական քարոզարշավին, ընթացքին ու ակնկալիքներին:
anahit-harutyunyan

yerkir.am- Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Անահիտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական քարոզարշավին, ընթացքին ու ակնկալիքներին:

Նա նշեց, որ քարոզարշավի մեկնարկին ավելի ոգևորված էր, քան հիմա, որովհետև եթե չփոխվի ժողովրդի մտածողությունը, ապա քաղաքական ուժերը ոչինչ չեն կարողանալու փոխել: Անահիտ Հարությունյանի խոսքով` ժողովուրդը փորձում է մտածել վախի մթնոլորտում, ինչպե՞ս կարող է մտածել վախեցած մարդը:

«Մարդուն բացատրում ես` ոչ ոք չի կարող քեզ դատապարտել կամ վնասել, եթե դու ընտրես քո ուզած ուժին, պետք չէ ընտրել ինչ-որ մեկի թելադրանքով, բայց մարդիկ բացատրում են, թե իրենց ծանոթը կամ բարեկամն է խնդրել, որ տվյալ թեկնածուին ընտրեն: Պետք է բացատրել այդ մարդկանց, որ ամեն ինչ կախված է մեզնից, մենք պետք է ցույց տանք մեր դիրքորոշումը»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Խոսելով քարոզարշավի ընթացքում արձանագրված կրիմինալ միջադեպերի մասին` թեկնածուն կարծիք հայտնեց, որ նման մարդիկ չպետք է ներգրավված լինեն քարոզարշավում և, ընդհանրապես, երևան: Անահիտ Հարությունյանը տարակուսանք հայտնեց, այն կապակցությամբ, որ միջադեպերի մասին նյութերը ԶԼՄ-ներում տարածվում են` հասցեով, անուն-ազգանունով, որից հետո նման դեպքերի բացահայտումը պետք է իրավապահ մարմինների գործը դառնա, մինչդեռ նկատվում է իրավապահ մարմինների դերակատարության պասիվություն: «Կա պետություն, որն ունի իր տարբեր իրավապահ մարմինները, որոնք պետք է զբաղվեն կրիմինալով, որ այն տեղ չունենա այս գործընթացներում: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, կրիմինալին բացահայտելը մեր գործը չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այս անգամ ՀՅԴ-ն ավելի շատ տեղեր կունենա խորհրդարանում, քան եղել է նախորդ անգամ, քանի որ Դաշնակցության հանդեպ կա մեծ վստահություն: «Ոչ մի լավ բան չի լինի, եթե մեր ժողովուրդը ինքը չփոխվի: Եթե ուզում ենք տեսնել փոխված երկիր, ազնվություն ու արդարություն, ապա ինքներս պետք է փոխվենք: Եկեք մեր տանը լինենք պահանջատեր, ամեն օրվա համար պահանջ ներկայացնենք նրանց, ովքեր ստանձնել են կառավարման ղեկը: Ցավոք, մեր ժողովուրդը ներքուստ անկախ չէ, բացառությամբ անհատների ու փոքր խավերի»,- ասաց նա:

*

*