ՀՅԴ-ն Փարպիի դեպքով դիմել է ԿԸՀ եւ Գլխավոր դատախազություն

Դաշնակցությունը ահազանգում է Ճամբարակ, Բյուրական եւ Փարպի համայնքներում արձանագրված ընտրախախտումների մասին:

Դաշնակցությունը ահազանգում է Ճամբարակ, Բյուրական եւ Փարպի համայնքներում արձանագրված ընտրախախտումների մասին. Ճամբարակում անհայտ անձինք փորձել են ընտրատեղամասից դուրս հրավիրել վստահված անձանց, եղել են բաց քվեարկություններ, ուղղորդումներ:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի տեղեկատվությամբ՝ ընտրատեղամասերում խախտումները կանխելու՝ ոստիկանության պարտականությունը կատարում են լրագրողները: ՀՅԴ-ի ահազանգից հետո այս համայնքում իրավիճակը շտկվել է, մինչդեռ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում լարվածությունը պահպանվում է. Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ սա Ազգային ժողովի պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանի բնակավայրն է:

«Չի հանդարտվում վիճակը Արագածոտնի մեկ այլ համայնքում՝ Փարպիում. խառնաշփոթ, ակնհայտ բաց քվեարկություններ: Փարպիի համար դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Գլխավոր դատախազություն: Տեղամասի մեր ներկայացուցչին էլ ասել ենք, որ եթե դեպքը կրկնվի, պետք է բողոք արձանագրվի»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*