Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Անդրադարձ՝ Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպին
armine

Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է վերջերս Ստամբուլում լույս տեսած Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպին, որն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Գրքում Մուրադ Աթաշը, հակառակվելով թուրքական պաշտոնական պատմագրության պաշտպանած գծին, որի համաձայն` թուրքերը մեղավոր չեն հայերի հետ կատարվածի համար, ցույց է տվել Հայոց ցեղասպանության գործում Օսմանյան կայսրության իշխանությունների մեղավորությունը:

Գրքի հեղինակը «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ հետաքրքրությունն իր մոտ առաջացել է դեռ դպրոցական տարիներին, երբ այս թեմայով ռեֆերատ է գրել և պատժվել ուսուցչի կողմից:

Մուրադ Աթաշը, հետագայում Հայոց ցեղասպանության թեմայով այլալեզու աղբյուրներ ուսումնասիրելուց բացի, հանդիպել և թեմայի շուրջ զրուցել է նաև ցեղասպանությունը վերապրած շատ հայերի և նրանց ժառանգների հետ:

Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպը գլխավոր հերոսուհի Արմինեի և նրա ընտրյալ Ջիվանի սիրո պատմության միջոցով պատմում է ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրերի մասին:

*

*