Օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի պապի դիմավորման արարողությունը (Լուսանկարներ)

Սրբազան Քահանայապետին ինքնաթիռի մոտ դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր տիկնոջ հետ, և Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Սրբազան Քահանայապետին ինքնաթիռի մոտ դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր տիկնոջ հետ, և Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պապի դիմավորմանը տեղի է ունեցել պետական դիմավորման խստագույն կարգավորված արարողակարգից որոշակի շեղում, քանի որ Սրբազան Քահանայապետը Հայաստան է ժամանել և´ որպես Վատիկան պետության ղեկավար` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրավերով, և´ որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրավերով:

Ֆրանցիսկոս պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները: Ապա ազգային տարազով երեխաները Հռոմի Պապին մատուցել են հայկական ծիրան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ-նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ: Ի դեպ, ծիրանի լատինական անվանումն է prunus Armeniaca, այսինքն` հայկական սալոր:

Ֆրանցիսկոս պապին իր վսեմությամբ դիմավորել է նաև Բիբլիական լեռն` Արարատը: Արարատը և Նոյի տապանի իջևանման խորհուրդը մեծ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար` այն վերապրելու և վերածնվելու խորհրդանիշ է: Հենց այստեղից է վերածնունդ առել մարդկությունը` փրկվելով մեծ ջրհեղեղից, որպեսզի նորովի իմաստավորի իր կյանքը և ապրի Աստծո հրամանով:

Այնուհետեւ Պապը ուղեւորվել է Էջմիացին, որտեղ տեղի է ունենալու Հրաշափառի ողջույնի արարողություն։

Այս այցի պաշտոնական կարգախոսն է «Այց՝ առաջին քրիստոնեական երկիր»: Ըստ ավանդույթի, Պապի այցերի համար կարգախոս է ընտրվում, որն արտացոլում է այդ այցի մեջ դրվող իմաստը:

*

*