Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը մշակման փուլում է

Այն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի երկշաբաթյա ժամկետում:
hrayr-tovmasyan

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի երկշաբաթյա ժամկետում: Այս մասին «Երկիրն այսօրի» լրագրողի հարցին ի պատասխան նշել է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Քանի որ նախագիծը դեռ պատրաստ չէ՝ Վարդանյանը չի ներկայացրել հիմքերը, որոնցով Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց են սկսելու: Այս պահին միակ հիմքը, որի մասին նշում են, կարգապահական խախտումն է: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից Վահե Գրիգորյանի դիմումը չքննելու դեպքին:

Վարդանյանը նշել է, որ եթե նույնիսկ Գրիգորյանը դիմումը բարձր դատարանին է ներկայացրել ժամկետների խախտմամբ, ապա գոնե պետք է պատասխան ստանար, որ այդ հիմքով են հրաժարվում քննել իր դիմումը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանին կալանքից չի ազատել՝ կաշկանդվելով սահմանադրական դատարանի հասցեին հնչեցված սպառնալիքներից՝ Վարդանյանը նշել է, որ դատավորն իր որոշումը կայացնելիս չի կարող առաջնորդվել Ազգային ժողովում ընթացող գործընթացներով:

*

*