Ցուցարարները Բաղրամյան պողոտայում են (թարմացվում է)

Ցուցարարները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

23։ 40․ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց հանրահավաքի ավարտի մասին։ Նա հորդորեց ցուցարարներին՝ վաղը ժամը 08։00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում։

23։35 Երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ։

23:10. Ցուցարարները քայլում են Սայաթ-Նովա փողոցով։

22։50․ Ցուցարարները հասան Բաղրամյան 26, որտեղ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրը։ Այստեղ կուտակված են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց։

21։55․ Ցուցարարները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա։

21։ 40․ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց երթով շարժվել Բաղրամյան պողոտա։ Նա հավաքվածներին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից ու չգնալ բախումների։

20։44․ Ելույթ է ունենում նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ներկայացնում է սպասվող գործողությունների պլանը։ Նա հորդորեց քաղաքացիներին, գյուղերի բնակիչներին՝ պահանջել համայնքների, գյուղերի ղեկավարներից՝ միանալ «թավշյա հեղափոխությանը»։

«Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ՀՀ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարների աշխատանքային շենքերում սկսվեն եւ տեղի ունենան հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր»։

20։20 Կարճ ելույթներով հանդես եկան շարժման ակտիվիստ Արմեն ԳրիգորյանըՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։

20:00 Երեւանի Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին ցուցարարները 100 մետր երկարությամբ եռագույն դրոշ են բացել։

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

Մինչ այդ ցուցարարները ողջ օրը քայլերթ են իրականացրել Երեւանի կենտրոնական հատվածներում։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը մեկնարկել է մարտի 31-ին։ Ցուցարարները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

*

*