Չորեքշաբթի ես հանդիպելու եմ Կարեն Կարապետյանի հետ. Նիկոլ Փաշինյան — Երկիր Մեդիա

Չորեքշաբթի ես հանդիպելու եմ Կարեն Կարապետյանի հետ. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

20։40 Հայտարարվեց, որ վաղը՝ ժամը 15։00-ին, Հանրապետության հրապարակից շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ։

20։ 35   Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանության հետ բանակցությունները շարունակվելու են արդեն չորեքշաբթի, առավոտյան։ Այս անգամ եւս ոչ կառավարական հաստատությունում, այլ՝ «Մարիոտ» հյուրանոցում, ուր կիրակի կայացել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը։

Փաշինյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանում ատելության եւ վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Նա հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն անհապաղ ազատ արձակել այս օրերին բոլոր ձերբակալվածներին։ Նա շնորհակալություն հայտնեց Արցախի հանրապետության իշխանություններին, ովքեր կարեւոր դերակատարություն ունեցան եւ պահպանեցին սառնասրտություն։

20։ 20 Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տեղի ունեցած բանակցությունների արդյունքները․

«Առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին։ Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին կարևոր հաղթանակը, սակայն ընդգծեց, որ օրակարգում մի քանի հարց էր դրված:

«Քայլ 1-ին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ 2-րդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, դրանից  ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-մանրամասնեց Փաշինյանը:

19։ 59 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն նշեց, որ երբ ինքը վառեց ազատության ջահը ԱԺ-ում, երազում էր այս օրվա մասին․

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, բայց Հանրապետական կուսակցությունը դեռ պայքարելու է։ Մենք շատ գործ ունենք անելու։ Օլիգարխները, բիզնեսմենները, պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Պետական իշխանության մեջ ներգրավված անձինք բիզնես արտոնություններ չեն ունենալու։ Ժողովուրդը իր տնտեսությունն է զարգացնելու։ Պետք է կարգավորենք ընտրական օրենսգիրքը, ընտրական համակարգը։ Հայաստանում պետք է լինեն ազատ, արդար թափանցիկ ընտրություններ։ Իշխանությունը ժողովրդինն է ու ժողովուրդն իր իշխանությունը իրացնելու է ընտրությունների միջոցով»,- իր խոսքում նշեց պատգամավորը։

—————

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն ընթերցելուց հետո նշեց․ «Այսօր մենք տոնելու ենք մեր հաղթանակը և խոսելու ենք առաջիկա անելիքների մասին»:

Հիշեցնենք, որ այսօր ազատ են արձակվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու Արարատ Միրզոյանը։

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, ինչից հետո ցուցարարները Երեւանի տարբեր փողոցներում տոնում են իրենց հաղթանակը։

*

*