«Այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում»․ Հրանտ Մարգարյան

«Եթե մարդ կա, որ հանցագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի»
hrant-margaryan

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հանցագործ է, պետք է ԱԱԾ-ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։

«Իմ կարծիքով՝ ավելի սադրիչ է մարդկանց ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, պատեպատ տալը, քան տարբեր տեսակետներ հնչեցնելը։ Կարող է՝ դրանք սխալ տեսակետեր են, բայց ասել, որ դավաճանություն է, դա հիվանդագին մոտեցում է, եթե ավելի վատ՝ բռնատիրական մոտեցում չէ»,– հավելեց Հրանտ Մարգարյանը։

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*