Հրանտ Մարգարյան. Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այդպիսի փոփոխությունը չէր. Tert.am

Մի շարք մարդիկ փորձում են ներկայացնել, որ ոչինչ չի փոխվել...
hrant-margaryan2 (1)

Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը  Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերացնել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողությունից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարությունը մեծացներ, խորհրդարանում դժվարացներ անգամ պարզ մեծամասնության համար հիմնական օրենքները անցկացնելը: Մարգարյանի խոսքով՝ նա կարող էր տարբեր փոփոխությունների դիմել, եթե 3-րդ ժամկետով պաշտոնավարելու նպատակն իր համար միակն էր:

— Ապրիլին ամբողջապես ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որի ընդունման ակունքներում կանգնած է Դաշնակցությունը:  Ի՞նչ է մնացել Ձեր պատկերացրած խորհրդարանական կառավարման երկիր դառնալու համար, որտեղ իշխանությանը հակակշիռ կա, որտեղ ընդդիմությունը լծակներ ունի:

— Շատ բան: Ժամանակը, անշուշտ, դերակատար է: Դրա համար հարկավոր է բոլոր քաղաքական ուժերի հասունությունը, Սահմանադրությունը ճիշտ յուրացնելը, հանրության ընտելացումը: Այն դատավորը, որն այսօր ընտրվել է, պետք է գիտակցի, որ իր գոյությունն այդ պաշտոնում այլևս իշխող ուժի քմահաճույքով պայմանավորված չէ, որ ինքն այսուհետ ազատ է այդ կախվածությունից: Դատավորը պետք է հավատա իր անկախությանը, որ այդ հավատը ներշնչի ժողովրդին՝ վստահեցնելով, որ դատարանն անկախ է, քաղաքական պատվեր չի կատարում: Օրենքն այդպիսին է, բայց համապատասխան մշակույթն է, որ պետք է ձևավորվի, ինչի շնորհիվ մարդիկ կհավատան փոփոխությանը:

— Ի՞նչն է խանգարում այդ մշակույթի ձևավորմանը:

— Կարելի է ենթադրել, թե ինչն է խանգարում: Խանգարում է իշխող ուժը, որը չի ուզում, որ այդ փոփոխություններն արագ լինեն, ընդդիմությունը, որը չի ուզում խոստովանել, որ այս Սահմանադրությունը լավն է, որովհետև դրա ընդունմանը դեմ է եղել: Ամենաշահագրգիռը Դաշնակցությունն է, որը թե՛ կողմ է եղել Սահմանադրության ընդունմանը, թե՛ տրամադրված չէ հինը նոր ձևի մեջ պահպանելուն: Մենք իսկապես ուզում ենք, որ նոր Սահմանադրությունը գործի սահմանադրական տառին ու ոգուն համապատասխան: Այս գործընթացը դեռ միս ու արյուն պետք է ստանա: Դրա համար պետք է ջանք չխնայենք:

— Այն նպատակները, որոնք հետապնդվում էին գործող Սահմանադրության ընդունմամբ, օրակարգո՞ւմ են: Շատերի կարծիքով՝ դրանք մոռացվել են և ներկայումս ծառայեցվում են իշխանությունների վերարտադրության օգտին:

— Մի շարք մարդիկ փորձում են ներկայացնել, որ ոչինչ չի փոխվել, որ ամեն ինչ նույնն է, որովհետև դա իրենց ձեռնտու է: Իրականության մեջ շատ բան է փոխվել: Ես խոսեցի դատական համակարգի մասին: Օրինակ՝ դատավորի նշանակման կամ նրա ազատման հետևում այլևս Գործադիրը չէ կանգնած: Սա մեծ փոփոխություն է, բայց նրանց համար ձեռնտու չէ խոստովանել, որ փոխվել է, որ հույս կա դեպի լավը: Որոշների համար այդ հույսը վտանգավոր է, որովհետև իրենց պայքարի փիլիսոփայությունը փլուզվում է: Քաղաքական ուժերը երկու տեսակի են լինում՝ մեկը, որ ուզում է բարեփոխումներով երկիրը զարգացման տանել, մյուսը նրանք են, ովքեր անհապաղ իշխանափոխություն են ուզում, որ այդ ալիքի վրայով իշխանություն ձեռք բերեն: Չկա այնպիսի ուժ, որ ունենա այնքան ժողովրդականություն, որ իր իշխանության պահպանման գործը ապահով տեսնի: Եթե չունես ժողովրդականություն, որպեսզի ապահովես իշխանության շարունակականությունը, դիմում ես այլ միջոցների՝ ուժի, խարդախության, բռնության, ճնշման, որ երկարաձգես իշխանությունդ: Կարծում եմ՝ այս երկրում կան հիմքեր արագ ու առանց ցնցումների զարգանալու:

— Դուք մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ն այս Սահմանադրությունը կիրառում է իր վերարտադրության համար. չէ՞որ իրենց են վերապահված մի շարք հնարավորություններ, իրենց է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորությունը:

— Ոչ, չունեմ: Եթե մի ուժ մեծամասնություն է, դա չի կարելի համարել ողբերգություն: Վերջիվերջո ընտրությունն է, որ պետք է ճակատագրական լինի այս երկրում: Հիմա կասեն, թե ընտրություններն արդարացի չեն: Քաղաքական ուժերն են, որ պետք է պարտադրեն արդար ընտրություններ: Ինչքան շատ քաղաքական ուժեր կայանան, այնքան երաշխավորված կլինի արդար ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ պետք է անենք ժողովրդին քաղաքականորեն կազմակերպելու, որ հաջորդ ընտրությունները շատ ավելի արդար լինեն, որ հաջորդ ընտրություններում ժողովրդի տրամադրությունը քվեի տեսքով արձանագրվի: Չնայած գիտեմ, որ այդ ժամանակ էլ կլինեն ուժեր, որոնք կասեն, որ ընտրությունները արդար չեն եղել: Մենք դեռ հեռու ենք արդար ընտրություններից: Մոտեցումները պետք է փոխվեն, քաղաքական ուժերը պետք է գիտակցեն՝ եթե ՀՀԿ-ն 61 տոկոս ձայն չհավաքեր, ապա ո՞վ 51 տոկոս ձայն կհավաքեր:

— Չկա՞ նման ուժ:

— Կարծում եմ՝ չկա: Նույնիսկ ՀՀԿ-ն այդպիսին չէ, եթե պետական ուժին, լծակին չի տիրապետում: Քաղաքական ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ընտրությունները կեղծված հայտարարելը, այլ իրական կազմակերպական գործ անելը, ժողովրդի մեջ թափանցելը, ժողովրդին կազմակերպելը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*