«Պատասխանատվությունը մեծ է»․ Հրանտ Մարգարյան

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Հունվարի 16-ին Արցախում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով անդրադարձել է անցած քառամյա շրջանի կարեւորագույն իրադարձություններին եւ ներկա իրավիճակին։

«Արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը իսկապես բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար. հիշենք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նոր Սահմանադրության ընդունումը, վերջապես`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխությունը:

Հատկապես վերջինս և դրան հաջորդած յուրաքանչյուր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունը և վտանգի զգացողությունը: Ժամանակահատվածը, քաղաքական պահը շատ լուրջ է, և մենք մեր հերթական ժողովն ենք սկսում։

Պատասխանատվությունը մեծ է

Անցած քառամյա շրջանը Հարավային Կովկասի համար հատկանշվեց նորանոր ընդհանրություններով, որոնց հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում որոշակի հենակետերի ձևավորման և ապա՝ Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարությունը։

Անցած քառամյակում մեր տարածաշրջանը վերածվեց համաշխարհային մրցապայքարի յուրօրինակ առաջնագծի ու նաև մանրակերտի։ Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ներսում՝ մեր շուրջը տեղի ունեցող բարդ ու վտանգավոր գործընթացի հայելային արտացոլումն է։

Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի օտար նպատակներին ծառայող ռազմավարության գործադրման առաջին հանգրվանի մեջ էր ներառված Հայաստանը: Այն պետք է իրագործվեր 2015 թվականից սկսյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Սկսեց իրագործվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմով։ Ձախողվեց։ Սակայն հաղթանակած բանակը սկսեց պախարակվել ներքին կասկածելի ծագում ունեցող խմբակների, հասարակական կազմակերպությունների և արևմտյան պատկանելություն ու ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցների կողմից: Ոչ մի բան Հայաստանում չպետք է դրական համարվեր, նույնիսկ սխրանքներ գործած բանակն ու համաժողովրդական զարթոնքը՝ հանուն վտանգված հայրենիքի պաշտպանության։ Ակնհայտ էր նպատակը՝ վարկաբեկել հաղթանակը, այն կերտած բանակը և ժողովրդական միասնական ալիքը։

Եթե ժամանակին ամեն ինչ արվում էր ներհայաստանյան կյանքում դրական ոչինչ չտեսնելու, հիմա նույնը ինքնաբերաբար սկսել է վերաբերել անցյալին, ուր ամեն ինչ ներկայացվում է բացասական երանգի ներքո: Անցյալն ամեն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման։

Արտաքին գործոնով հնարավոր չեղավ ապակայունացնել երկիրը, վրա հասավ ներքին գործոնը՝ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը։ Այս անգամ նույն ուժերը՝ կասկածելի ծագում ունեցող խմբակները, հասարակական կազմակերպությունները և արևմտյան պատկանելություն ու ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցները, որոնք միշտ հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարը համարել ու համարում են տեռորիզմ, ի զարմանս բոլորի, ձայն ձայնի տված պաշտպանեցին ու հերոսացրին ակնհայտ տեռորիստական արարքը։

Քառօրյա պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը, թվում էր, թե կարող են բավարար հիմք դառնալ երկրի ներսում մի շարք բարեփոխումների և երկրում առկա արդարացի դժգոհությունների լիցքաթափման համար, սակայն, ավաղ, բարեփոխումները կրեցին ձևական բնույթ: Արտաքին քաղաքականության առումով սրան գումարվեց Ռուսաստանի նկատմամբ որոշակի նեղվածության դրսեւորումներով պայմանավորված՝ Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի մասի արևմտամետ դիրքորոշումը, ինչն էլ հիմք դարձավ թավշյա հեղափոխության խթանմանը։

2018 թվականի դեկտեմբեր 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկիրը հայտնվել է այդ նույն գործընթացի երկրորդ հանգրվանում։ Ղարաբաղյան հարցի սառեցման ռազմավարությունը սկսում է փոխարինվել գերտերությունների հակամարտությամբ պայմանավորված Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասավորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ մյուս կողմից՝ հակաիրանական ճակատ ձևավորելու նպատակադրումներ։

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մեջ ակամա հայտնվել ենք մենք, նկատի չեն առնվում կոնկրետ երկրների արտաքին ու ներքին քաղաքականության մեջ առկա առանց այդ էլ չափազանց նուրբ յուրահատկություններն ու շահերը։

Իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջ եկած բարդությունները վկայում են, որ սկսել է գործել մշակված ռազմավարությունը։ Այժմ, Ղարաբաղյան հարցում, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը և Իրանը, ուստի այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումը այլընտրանք չունի։

Պետք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկա քաղաքական ներկապնակում մեր կամքից անկախ, գտնվում ենք Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան և ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում։ Առանց որեւէ բեւեռի հանդեպ հակակեցվածք ընդունելու՝ պետք է ձեւավորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցությունների բաժանման այլոց օրակարգը, այլ պետք է լինի մեր անվտանգությունը, որը խարսխված է ՀՀ առանցքի և ՌԴ հետ ռազմավարական դաշինքի ու դարավոր բարեկամ Իրանի հետ:

Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջև հավասարակշռության պահպանման խնդրի հետ միասին անհրաժեշտ է նաև Արցախյան հարցում ներազգային կոնսեսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարևորվում մեր այսօրվա իշխանությունների կողմից։

Դժվար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրվել է հանգրվան առ հանգրվան՝ քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իշխանափոխություն, դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրություններ։

Թյուր ըմբռնումներից խուսափելու համար, անմիջապես անդրադառնանք, որ գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մենք համարում ենք համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները։ Այն եկավ վճռական և վերջնական «ոչ» ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։ Սակայն ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ։

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, արդարացի էր ու տարերային եւ միևնույն ժամանակ՝ անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդերի հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիվ ուզեցինք հավատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքը ընդունակ է զգաստության, պատասխանատվության այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահության բացառիկ մանդատը լավագույնս օգտագործել իրապես ազգային, անկախ, ժողովրդավարական հզոր երկիր ունենալու համար։ Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք, բանակցությունների մեջ մտանք, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերում մեր կուսակցությանը, շատ լավ գիտակցում են, թե մենք ինչի համար և ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանավորվեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թվում էր ամեն ինչ դեպի լավն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ոչ հարգանք կա, ոչ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ոչ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն։

Պարզ էր՝ եթե ընդհանուր ծրագիր կա երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը՝ այդտեղ Դաշնակցությունը ոչ միայն տեղ չունի, այլև` անընդունելի է: Ուստի ամեն ինչ պետք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար։ Մի խոսքով՝ հեռու ու մոտ պատմության ընթացքում քանիցս կատարված փորձերի կրկնություն, որոնց հեղինակներն այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը»,- մասնավորապես ասել է Հրանտ Մարգարյանը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*