ՀՀ-ում ամենակազմակերպված, ամենագաղափարական կուսակցությունը Դաշնակցությունն է, և դա լավ բան չէ․ Հրանտ Մարգարյան

Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:
hrant-margaryan

yerkir.am— Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:

Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:

— Մի քանի տարի է՝ Հայաստանում ավելանում է երդում տված դաշնակցական երիտասարդների և Դաշնակցության շարքերն անցնող երիտասարդների թիվը, ինչը հուսադրող է: Այսինքն՝ ճիշտ չէ այն միտքըթե Հայաստանում կուսակցությունը թույլ էԻ՞նչ կասեք այդ մասին:

-Նախ ասեմ՝ Դաշնակցության ուժը, կարողականությունը քվեների չափով չի կշռվում: Հավատալով եմ ասում, և ասածիս մեջ կուսակցական «ես»-ը չի խոսում` Հայաստանում ամենակազմակերպված, ամենագաղափարական կուսակցությունը Դաշնակցությունն է, և դա լավ բան չէ: Կուզեի մի քանի այդպիսի կուսակցություններ լինեին, որ իրական մրցակցություն լիներ, իրական մթնոլորտ լիներ, բայց փաստն այդպիսին է: Երիտասարդության մուտքը կուսակցություն իսկապես ակներև է: Վերջին շրջանում կուսակցության մեջ բավական մեծ թվով անդամներ են ավելացել, և նրանց ճնշող մեծամասնությունը՝ գերմեծամասնությունը, երիտասարդներ են: Բանն այն է, որ գուցե կուսակցությունը մի քանի տարի կազմակերպական ցանցի ընդլայնմանը կարևորություն  չէր տալիս, սակայն հիմա նոր թափով իրականացվում է: Ինչպես 1990 թվականին մենք կազմակերպվեցինք` իբրև երիտասարդների կուսակցություն, այսօր նույնպես այդ ձևով ենք վերակազմակերպվում: Իհարկե, դա հավելյալ պարտավորություն է դնում մեզ վրա, քանի որ այդ երիտասարդության հետ պետք է աշխատել, նրանց պետք է տալ ինքնադրսևորվելու ասպարեզ, որպեսզի իմաստ ունենա այդ ամենը: Այս առումով էլ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի երիտասարդությունը մեզ մոտ ինքնադրսևորման նոր ասպարեզ գտնի:

— Ի՞նչ պատգամ կուղղեք մեր երիտասարդությանը:

— Քառօրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը լրիվ նոր պատկերով հայտնվեց մեր առջև: Թվում էր՝ 27 տարի է` պատերազմի մեջ ենք, ժողովուրդն ընկճվել է, խեղճացել, սոցիալական դժվարությունները ծանրացել են մեր ժողովրդի ուսերին, և դա պետք է բերած լիներ ընկճվածության, պետք է դժվարանայինք գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն գնալ Արցախ՝ կռվելու՝ կամավոր, ոչ թե որպես պարտականություն, բայց պատերազմից հետո մի ալիք բարձրացավ հայկական իրականության մեջ, որը շշմեցուցիչ էր: Մարդիկ կամավոր, իրենց միջոցներով փորձում էին ժամ առաջ հասնել Արցախ, մասնակցել պատերազմին: Սա խենթացնող երևույթ էր: Նույնիսկ Հայաստանում աշխատող դեսպանատներն ու օտարները զարմացած էին այդ մթնոլորտից: Ավելին ասեմ՝ նույնիսկ ժամանակին արտագաղթած երիտասարդները ավտոբուսներով փորձեցին հասնել ռազմաճակատ: Կեսկատակ, կեսլուրջ ասում էի՝ զարմանալի ժողովուրդ ենք, խաղաղության ժամանակ արտագաղթում ենք, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում: Ուզում եմ ասել՝ մեր ժողովրդի մեջ կա մեծ անկեղծություն, էներգիա՝ ազգային խնդիրների լուծման համար: Եթե Ադրբեջանն ունի նավթ, գազ, իր կողքին կանգնած` Թուրքիայի նման պետություն, մենք պետք է կարողանանք այդ բացերը լրացնել, փոխարինել դրանք քաղաքական ակտիվ աշխատանքով՝ աշխարհով մեկ: Այդ բացը պետք է լրացնենք՝ «ռազմաճակատը» փոխադրելով աշխարհի տարբեր անկյուններ՝ Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, որտեղ որ կարող ենք: Ինչ կարող ենք, պետք է անենք՝ Ադրբեջանի իրական դեմքը, նրա էությունը ցույց տալու, ճնշում բանեցնելու համար, որպեսզի պատերազմ չլինի, և նա պատերազմի միջոցով չփորձի հարցը լուծել: Մենք քաղաքական աշխատանքների մեծ անհրաժեշտություն ունենք, որպեսզի կարողանանք միջազգայնորեն ստեղծել դրական մթնոլորտ Արցախյան հարցի արդարացի լուծման համար: Մեր հիմնական անելիքն այն է, որ մեր աշխարհացրիվ լինելու թերությունը որակի վերածենք, դրական ազդակի վերածենք, ամենուրեք մեր ազդեցության ոլորտները մեծացնենք, ծրագրված աշխատանքներ տանենք: Մենք պետք է մեր հարցերը բարձրացնենք աշխարհի ազդեցիկ կետերում և մեր ներկայությամբ աշխարհն ուղղորդենք մեզ հարմար լուծումներ տալուն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*