Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՔԾ-ում նրան նախ հարցաքննել են որպես վկա, ապա՝ մեղադրանք առաջադրել
hovik-abrahamyan4 (1)

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո’չ իմ փաստացի բնակության, և ո’չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը:

Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները:

2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին:

Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն:

Այս պահին նպատակահարմար չեմ համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»:

*

*