ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակը» կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար. Հովհաննես Իգիթյան

«Միջազգային հարթակում Հայաստանը պետք է առավել քան շարժվի իր իսկ շահերով»
hovhannes-igityan

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին, նշեց, որ դրական կարելի է համարել ԵԽԽՎ գագաթաժողովում ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշման հստակ ներկայացումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ և անփոփոխ է՝ գնալ Լեռնային Ղարաբաղը ամեն գնով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ճանապարհով։ Փորձագետը այս առնչությամբ նշեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման փաստը պետք է անպատասխան չմնա մեր կողմից՝ միջազգային հարթակում բարձր մակարդակով այս խնդիրը բարձրաձայնելով։

Խոսելով հակառուսական պատժամիջոցների և նախօրեին հրապարակված «կրեմլյան ցուցակի» մասին՝ Իգիթյանը նկատեց, որ դրանում ընդգրկված թե′ ընկերությունները, թե′ անհատներն անմիջականորեն առնչություն ունեն հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերի հետ, և այդ առումով՝ պատժամիջոցները կարող են բացասական հետեւանքներ ունենալ մեզ համար։
Միևնույն ժամանակ փորձագետը նկատեց, որ անկախ նրանից՝ այդ ցուցակում հայ գործարարներ ներառված են թե ոչ, առավել էական է այն, թե ինչու են այդ պատժամիջոցները կիրառվում Ռուսաստանի հանդեպ։  «Սրա պատճառը ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունն է»,-նշեց Իգիթյանը։։

Ըստ Իգիթյանի՝ միջազգային հարթակում Հայաստանը պետք է առավել քան շարժվի իր իսկ շահերով՝ հստակ դիրքորոշում հայտնելով տարբեր միջազգային հարցերի առնչությամբ, և «չտրվի միայն ռուսական շահերի սպասարկմանը»։

Վերջում անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցության համապարփակ համաձայնագրի ստորագրման և դրա հավանական արդյունքների մասին հարցին՝ փորձագետը նկատեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր չի սկսվում այս համաձայնագրով, և մինչև այս առկա պայմանագրերով տարբեր ոլորտներում համագործակցություն իրականացվել է։

Նոր համաձայնագրով նախատեսվող բարեփոխումները կարող են իրականանալ միայն քաղաքական կամքի առկայության պարագայում։

«Այդ նույն համաձայնագրում գրված կետերը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված, առկա են հենց մեր Սահմանադրությունում, դրանց իրականացման համար միայն քաղաքական կամք է հարկավոր, իսկ դա հնարավոր է նաև առանց այսպիսի համաձայնագրի»,-եզրափակեց Իգիթյանը։

*

*