Համանախագահների եռյակից ամերիկացի դիվանագետն այսօր Երեւանում հանդիպել է լրագրողների հետ: Ասուլիսում Ռիչարդ Հոգլանդը դիվանագետին բնորոշ զգուշավորությամբ է աչքի ընկել: Նշել է բանակցող կողմերի առջեւ դրված ընդգրկուն առաջառկների մասին, բայց փակագծերը չի բացել, դա էլ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քննարկեն:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վերջնաժամկետներ չկան, չեն էլ եղել». պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը՝ հավելելով, որ Մինսկի խումբը խնդրի կարգավորման համար երբեք լուծում չի պարտադրի:
«Դա մեր գործը չէ: Մեր գործը բոլոր կողմերի հետ բանակցելն է, խրախուսել նրանց վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ գտնել խնդրի լուծումը»,- ասել է Ռիչարդ Հոգլանդը:
Ընդհանուր առմամբ, ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը զգուշավոր էր իր խոսքում: Այդպես էլ ասաց՝ միջնորդները իրենց հրապարակային խոսքում միշտ պետք է զգուշություն դրսեւորեն, չեն կարող շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ հետագայում դա կարող է խոչընդոտ հանդիսանալ փակ դռների հետեւում անկեղծ խոսակցություն ունենալու համար:
Անդրադառնալով դիտարկմանը, թե համանախագահները մշտապես հանդես են գալիս հակամարտող կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարություններով, երբ ակնհայտ է, թե որ կողմն է լարվածություն առաջացնում՝ Հոգլանդն ասաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
«Այն, ինչ մենք ասում ենք նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին կադրից դուրս, կարող է ավելի սուր, ավելի պարզ հայտարարություն լինել: Վստահեցնում եմ՝ մենք չենք տատանվում անել դա»,- վստահեցրել է Հոգլանդը:
Հոգլանդը նաեւ համաձայն չէ, որ ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ համանախագահների հայտարարությունների կամ դրանց պակասի պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում Մոսկվայում կամ որեւէ այլ վայրում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար: Հոգլանդն ընդգծեց՝ երբեմն պետություններից մեկի ղեկավարը տարբեր պատճառներով կարող է խոսել պատերազմի, բռնության մասին, մյուս կողմն էլ կարող է հայտարարել, որ պատասխան քայլեր կձեռնարկի, սակայն դրանք պետք է մնան ընդամենը բառեր ու երբեք չվերածվեն գործողության:
«Բռնությունը չի կարող լուծում լինել այս երկարատեւ խնդրի համար»,-ընդգծեց Հոգլանդը: Իսկ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային սեղանին, Հոգլանդի որակմամբ, կա ընդգրկուն ծրագիր, որի շուրջ պետք է կողմերը բանակցեն եւ լուծումներ գտնեն:
Հոգլանդն անդրադարձավ հարցին՝ շրջանառության մեջ կա արդյոք, այսպես կոչված, «լավրովյան ծրագիր». տերմին, որը հաճախ կիրառվում է լրատվամիջոցներում: Նա նշեց, որ իրենք լավրովյան ծրագիր տերմինը չեն օգտագործում:
«Կա ծրագիր, որը շրջանառվում է. այն բաղկացած է երեք մասից, սակայն այս պահին տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ: Կողմերը դրանց շուրջ աշխատում են: Եվ դիվանագիտության մեջ, ինչպես թղթախաղ խաղալիս, չես կարող բոլոր խաղաքարտերը սեղանին դնել: Հնարավոր է ծրագրի ինչ-որ մի մաս փոփոխություն կրի, այդ իսկ պատճառով մենք նախապես մանրամասների մասին չենք խոսում»:
Վաղը համանախագահները կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղ՝ համոզվելու, որ յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե հակամարտության կարգավորման համար ինչ հնարավորություններ կան:
Հեղինակ՝
Մարինե Մելիքսեթյան