Խաբեությամբ Հայաստանում հայտնված չորս հնդիկները վերադարձել են Հնդկաստան. մեղավորները Փենջաբում ձերբակալվել են

Երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:
hndikner

Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան:

Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել է, որ կարգադրել է տեղի ոստիկանությանը հետևել հետաքննության ընթացքին: «Գործով 5 մեղադրյալներից 2-ը ձերբակալվել են Քափուրթալա քաղաքի ոստիկանության կողմից: Մնացածները ևս շուտով կձերբակալվեն»,- «Թվիթեր»-ում գրել է Ամարինդեր Սինխը՝ ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:

Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:

Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:

*

*