Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում․․․
handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին ընդունել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը:

Հյուրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում՝ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում:

Նշվել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանելու միության տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերը ներկայացնող 1200 սկաուտ: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին հրավիրել է մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը: Հրավերը սիրով ընդունվել է:

*

*