«ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի մեջ չի մտել». Արթուր Եղիազարյան

«Կոալիցիայով ՀՀԿ-ի հետ ամրագրված խնդիրների լուծումը դանդաղել էր»
arthur-exiazaryan-hyd-gm4

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը, անդրադառնալով կոալիցիոն կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալուն, նշեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի շրջանակում առաջ քաշված խնդիրների լուծումը դանդաղել էր:

Արթուր Եղիազարյանի հավաստմամբ՝ Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: Ըստ նրա՝ խնդիրներն ու առաջնահերթությունները, որ ունեցել են նախորդ իշխանության հետ՝ քաղաքական համագործակցություն ձևակերպելիս՝ դրանք այս նոր իշխանության պարագայում նույնպես տեսնում են.«Եթե տեղյակ եք, մենք նաև բանակցային գործընթաց ենք ունեցել, հստակեցրել՝ դեպի ուր ենք գնում և ինչքանով կարող ենք նրանց հետ միասին ճանապարհ անցնել: Մեր մտահոգությունները փարատվել են, ինչը նպաստեց, որ նոր շարժման հետ համընթաց գնանք: Պետք է մեկ բան գիտակցել՝ կոալիցիան քաղաքական գործընթաց է, ամուսնություն չէ ինչ-որ ուժերի, և ինչ-որ մեկը պետք է հարատև մյուսի հետ քաղաքական համագործակցության մեջ լինի: Կար հստակ օրակարգ, կային խնդիրներ, ունեինք պայմանավորվածություն և հավատարիմ էինք այդ խնդիրներին, բայց երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ ավտոմատ կերպով կոալիցիան դադարեց գոյություն ունենալ»:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ, ճիշտ է, աջակցում է շարժմանը, սակայն խնդիր չի դրել նոր կառավարությանը մաս կազմելու: Սակայն, Եղիազարյանի խոսքով, երբ նոր ղեկավարներից ստացան հրավեր, ապա հաշվի առնելով իրենց մոտեցումները՝ համախոհության, միասնականության, ճիշտ քայլ չէր լինի չաջակցելը: «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերակով՝ ինչքանով որ նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել»,-ասաց Եղիազարյանը:

*

*