Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2019-ի մայիս-հունիսին. ՀՀԿ խմբակցություն

ՀՀԿ խմբակցության հայտարարությունը
aj-hhk

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2019-ի մայիս-հունիսին: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության տարածած հայտարարությունում:

«ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ  ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների  անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին»,- նշված է հայտարարությունում։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին, ապա, ըստ խմբակցության, այն մեկ նպատակ է հետապնդում՝  ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։

«Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ  Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները»,- ասված է հայտարարությունում։

*

*