Հայտնի են ՀՀԿ տարածքային ցուցակների մի քանի անուններ

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է...
hhk-shenq

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներն արդեն պատրաստ են. համամասնական ցուցակին կուսակցությունը կանդրադառնա հաջորդ շաբաթվա կեսերին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված են Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, երիտասարդներ, կանայք, փորձառու դեմքեր, տարբեր մասնագիտությունների տեր անձինք»,-  նշեց Շարմազանովը:

Կուսակցության տարածքային ցուցակներում հայտնի դեմքերից տարբեր ընտրատարածքներում ընդգրկված են Արտակ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արման Բաբլոյանը, Սեյրան Սարոյանը, Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գևորգյանը, Ալբերտ Երիցյանը:

Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կլինի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

Տարածքային ցուցակներում բացակայում էին Մհեր Սեդրակյանի և Մանվել Գրիգորյանի անունները: Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Երևանի ընտրատեղամասերում կուսակցությունն ընդհանուր առմամբ առաջադրել է 38 թեկնածու:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է, իսկ մնացածը կորոշի հանրությունը իր քվեարկությամբ: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում հաղթելու ամենաիրական հավակնորդը հենց ՀՀԿ-ն՝ նշելով, որ իրենք ազատ և արդար մրցակցության կողմնակից են:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:

*

*