«Հայաստանի իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու»․ Շարմազանով

«Բոլոր փորձերը Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, անթույլատրելի են»:
hhk-shenq

Անկախ նրանից, թե Հայաստանի ապագա կառավարության կազմը ինչպիսին կլինի՝ երկրի իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն ապագա կառավարության կազմի՝ վարչապետի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի, նախարարների թեկնածության հետ կապված հարցեր չի քննարկել: «Թե ինչ տեսք կունենա Հայաստանի ապագա կառավարությունը, այս պահին չեմ կարող պատասխանել, ոչ թե նրա համար, որ չեմ ուզում, այլ նրա համար, որ չենք քննարկել: Երբ կքննարկենք, կներկայացնենք, դուք էլ կիմանաք: Սակայն անկախ նրանից, թե ինչ կառավարություն կլինի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու»,-  շեշտեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ՀՀ գործող կառավարության աշխատանքի արդյունավետությանը: Նա շեշտեց, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը դրական արդյունքներ է արձանագրել: «Մենք ունենք 7.5 տոկոս տնտեսական աճ, որը լավագույն ցուցանիշն է Հայաստանի վերջին 9 տարվա պատմության մեջ: Սա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական աշխատանքի արդյունքն Է»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարության լավ աշխատանքը նպաստի, որ  Կարեն Կարապետյանը շարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում նաև ապրիլի 9-ից հետո, Շարմազանովը պատասխանեց. «Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից և իր հանրապետական գործընկերներից, անթույլատրելի են: Վարչապետը մեր կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկն է, մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, մեր քաղաքական թիմի անդամ է և իրականացնում է մեր կուսակցության, մեր երկրի նախագահի քաղաքականությունը: Թե ինչ կորոշի մեր կուսակցությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, այդ հարցը մենք չենք քննարկել: Սպասեք, օրը կգա, բարին էլ հետը: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:

*

*