ՀՅԴ, ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքի առաջատարները քվեարկել են ժողովրդի ապագայի համար

Նրանք ընտրությունները որակեցին որոշիչ եւ վճռական:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանակում, իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին ընտրություններին մասնակցող ինն ուժի համապետական ցանկը գլխավորողներից 3 ներկայացուցիչ, ովքեր ընտրությունները որակեցին որոշիչ եւ վճռական, նշում են, որ քվեարկում ենք ժողովրդի ապագայի օգտին, եւ, որ յուրաքանչյուրի քվեն տեղ է հասնելու:

ԱԺ ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող թեկնածու Արմեն Ռուստամյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 3/23 տեղամասում: Արմեն Ռուստամյանը 2017-ի թվականի ընտրությունները որակեց որոշիչ եւ վճռական: Անդրադառնալով դաշնակցղության խորհրդարան անցնելու շանսերին, նա նշեց, որ դաշնակցությունը միշտ էլ անցել է խորհրդարան եւ այդ մասով երբեւէ խնդիր չի ունեցել:

«Այսօր ՀՅԴ-ն հետապնդում է ավելի լուրջ խնդիր, որ սկսած գործընթացը տեղ հասցնեն: Ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը իսկապես գիտակցում է, որ այս ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից իրենց որակով, կազմակերպմամբ, բայց նաեւ այն կարեւոր խնդրի լուծմամբ, որ մեր կառավարման համակարգը փոխելով մենք նոր Հայաստան ենք ունենալու»,- նշեց ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը ցավակցեց նաեւ անցյալ տարի այս օրերին զոհվածների բոլոր հարազատներին եւ բարեկամներին:

«Նրանք հերոսներ են, ես վստահ եմ, որ նրանք դրեցին հենց այսօրվա Հայաստանի հիմքերը, ապահովեցին, որ մենք կարողանանք ազատ ընտրություններ անցկացնել, դա նաև իրենց շնորհքն էր եւ իրենց վաստակը: Աստված տա, որ բոլորը այնպես ապրեն, որ նրանց անունները հիշվեն, նրանց անունները կգրվի մեր պատմության մեջ»,- նշեց նա:

«Ծառուկյան դաշինք»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Կոտայքի մարզում տեղակայված 29/29 ընտրատեղամասում: Ընտրությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քվեարկել է հայ ժողովրդի ապագայի օգտին: Նրա խոսքով, այսօր ընտրությունները կախված են հիմնականում ժողովրդից, թե նրանք ապրիլի 3-ին ինչպիսի Հայաստան են ուզում:

«Կարեւորը մեր ժողովուրդն է, իրենք են որոշում իրենց ապագան: Մեր ժողովուրդը, որ ծանոթ- բարեկամ է խաղում, այսօր պետք է հասկանա՝ ոչ թե անձին տալը, թաղի լավ տղու խնդիր է, այլ կուսակցության խնդիր է:Այսօր ձայնը պետք է տալ կուսակցությանը, որ կուսակցությունը, օրենք փոխի, համակարգ փոխի»,- ասել է ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ծառուկյան» դաշինք Գագիկ Ծառուկյանը:

Երեւանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/47 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀԿ համամասնական ցանկը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին հայտնել է, որ այսօր այնպիսի օրենսդրական դաշտ է ձեւավորվել, որը պետք է յուրաքանչյուր քաղաքացուն վստահեցնի, որ իր քվեն տեղ է հասնելու»,- նշել է պաշտպանության նախարարը:

*

*