ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել որպես արտախորհրդարանական ուժ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել
hhk

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հաջողություն է մաղթել  Հայաստանում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը՝ շեշտելով, որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

«Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ»,-    ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգևորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ «Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին»:

*

*