ՀՀԿ խմբակցությունը Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է արել

ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում․․․
manvel-grigoryan
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է: ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ: Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլն ավելի քան մտահոգիչ է:
Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն եւ ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին:
Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն եւ ոչ թե Մանվել Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար: Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք եւ անաչառ քննությունը եւ պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար»,- ասված է ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները