ԱԺ առաջին նիստին ընդառաջ քաղաքական ուժերը հստակեցնում են անելիքները

Որոշում կընդունվի նորընտիր Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ։
azgayin-joghov xorhrdaran

Հայաստանի նորընտիր խորհրդարանում տեղ ապահոված քաղաքական ուժերը առաջին նիստին ընդառաջ հստակեցնում են անելիքները:

Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների  արդյունքներով նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 17-ին վերջնական որոշում կկայացնի Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների պաշտոններում թեկնածուների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ին ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի, իսկ 19:00-ին` խորհրդի նիստ: Գործադիր մարմնի նիստի ընթացքում որոշում կընդունվի նորընտիր Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ, որը կներկայացվի կուսակցության խորհրդի անդամներին:

Մայիսի 17-ին «Ծառուկյան» դաշինքի համամասնական և տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված պատգամավորների հետ կհանդիպի  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպումը տեղի կունենա ժամը 15:00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում որոշվելու է այն 8 թեկնածուների մանդատների հարցը, ովքեր նախ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ այնուհետև հետ էին վերցրել այդ դիմումները և մանդատ ստացել, ինչպես նաև որոշվելու է, թե «Ծառուկյան» դաշինքը ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:

Ազգային ժողովում խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնների հարցը մայիսի 17-ին կքննարկի «Ելք» դաշինքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ մայիսի 17-ին կքննարկեն, թե ովքեր են Ազգային ժողովում լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը և կհրապարակեն որոշումը:

ՀՅԴ խմբակցությունն արդեն հստակեցրել է` ովքեր են զբաղեցնելու խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնները: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունը կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը կլինի ինքը:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին:

*

*