ՀՀԿ ցուցակը կգլխավորի Սարգսյանը, ԲՀԿ-ն՝ Ծառուկյանը, ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանը

Այսօր հայտնի են դարձել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշ մանրամասներ:

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցներում այսօր հայտնի են դարձել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշ մանրամասներ:

Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2017-ին «Հանրապետականի» նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն էլ, Միքայել Մելքումյանի խոսքով, կգլխավորի ԲՀԿ նախընտրական սխեման, իսկ ՀԱԿ-ի ցուցակը, ըստ Լեւոն Զուրաբյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Առաջացած տարիքի պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց 2013 թվականի նախընտրական պայքարին, 2017-ի քաղաքական գործընթացներին, սակայն, ակտիվորեն մասնակցելու է: Տարիքն այլեւս խոչընդոտ չէ՞:

«Խոսքը նախագահական պաշտոնի մասին էր 2013-ին: Դա իսկապես շատ բարդ դերակատարություն է, ոտեղ կարող էին եւ տարիքային խնդիրները Տեր-Պետրոսյանի համար որոշիչ լինել: Հիմա խոսքն այլ բաների մասին է»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմ,բակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Խորհրդարանական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կգլախավորի ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը, իսկ կուսակցության առաջիկա համագումարում, Զուրաբյանն ասաց՝ նա երկարաշունչ ելույթ կունենա: Կլինի՞ դրանում նոր քաղաքագիտական վերլուծություն, չբացահայտեց:

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ 2017-ին ձեւավորվեն նախընտրական դաշինքներ ու հետընտրական կոալիցիաներ, բայց դրանք, ասում է, պիտի գաղափարական լինեն, որ չկրկնվի այսօրվա խորհրդարանի տխուր պատկերը.

«Մի խմբակցություն ամբողջովին քայքայվեց, երկու խմբակցություն՝ կիսաքայքայման եզրին է, եւ եթե միակ նպատակը դա է, որ մանդատը ինչ-որ ձեւով վերցնեն ու գան, մուտք գործեն Ազգային ժողով, մենք դրանով քայքայում ենք քաղաքական դաշտը: Բոլոր քաղաքական ուժերը, նաեւ մենք, պետք է զգույշ լինենք նախընտրական ցուցակները կազմելիս»,- ասաց ՀՀԿ ական պատգամավորը:

Ովքե՞ր կլինեն իրենց ցուցակում՝ հայտնի չէ, անփոփոխ է առաջին համարի անունը. «Սերժ Սարգսյանը ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդն է, որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:

2015-ի մարտից քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը դեռ կուսակցական առաջնորդի ղեկին չի վերադարձել, բայց ԲՀԿ-ում վստահ են՝ իրենց նախընտրական սխեման գլխավորելու է հենց Ծառուկյանը: Ինչպե՞ս՝ գիտի միայն ինքը:

«Այո, ինքն է գլխավորելու մեր նախընտրական սխեման, բայց թե կոնկրետ ի՞նչ դեմքերով ու ձեւաչափերով, դրա մասին կհայտարարի ինքը, մոտ ժամանակներս»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

*

*