ՀՀԿ-ն չի բացառում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս:
armen-sargsyan-despan

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու և մենք մի թեկնածուի շուրջ ենք  քննարկումը կազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից մենք ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյուքնում կտեսնենք»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում  մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ՝ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուի, ով կունենա հանրային ճանաչվածություն, ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի»,- եզրափակեց նա:

*

*