Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Երկրաշարժից 30 տարի անց դեռ քաղաքը մի շարք խնդիրներ ունի
armen-sargsyan

Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ կառույցի նախագծման աշխատանքերն իր վրա է վերցնում «Երևան, իմ սեր» հիմնադրամը: «Ոչ որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ տեղեկացնում եմ, որ խորհուրդը հաստատել է՝ «Երևան, իմ սեր»-ը Շիրակի երկրագիտական թանգարանի կառույցի վերականգնման նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ ծախսն իր վրա է վերցնում»,- նշեց ՀՀ նախագահը: Կառավարության որոշմամբ Շիրակի երկրագիտական թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում: «Այսօր Գյումրի չեմ եկել որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան անձ, ով ժամանակին խոստացել էր, որ կհետևի թանգարանի ապագային: Այս թանգարանը ծառայելու է ոչ միայն Շիրակին, այլև ողջ հանրապետությանը: Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որ տուրիստները սկսեն այցելել, ինչը նոր հնարավորություն կտա: Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, որն ամեն ինչից բացի, իր հինն ու ժառանգությունն է պահպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահը՝ ցավով փաստելով, որ երկրաշարժից 30 տարի անց դեռ քաղաքը մի շարք խնդիրներ ունի:

*

*