ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է Իրանի Մեջլիսի նախագահը — Երկիր Մեդիա

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է Իրանի Մեջլիսի նախագահը

Ալի Լարիջանին նշել է, որ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել․․․
handipum (11)

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:

Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Թեեւ նախորդ տարիների համեմատ նվազել է երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: Վահրամ Բաղդասարյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Աղվան Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Իրանը բացառիկ դերակատարություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում, եւ անկախ բոլոր հնարավոր ու անհնար ճնշումներից՝ Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրությունն ու հստակ քաղաքականությունը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրվի որեւէ սադրանքի եւ կշարունակի իր քաղաքականությունը»:

Խոսելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին՝ Աղվան Վարդանյանն ասել է, որ երկու պետությունների հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխությունները տպավորիչ են, Իրանը նկատելիորեն առաջ է շարժվում:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Իրանի հետ բարեկամության զարգացմանը խոչընդոտելուն միտված ճնշումները Հայաստանի նկատմամբ թեեւ քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիվորեն շարունակում է զարգացնել համագործակցությունը:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը կգույքագրի Հայաստան-Իրան համագործակցության հիմնական ուղղությունները եւ հատուկ մշակված ծրագրերի իրագործմամբ կհասնի համագործակցության առավել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետությունների խորհրդարանները:

Վահե Էնֆիաջյանը, խոսելով երկու պետությունների համագործակցությունից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամավորները, լավ ճանաչելով Իրանի մշակույթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապես խոսում են Իրանի մասին, վերջինիս հնարավորինս ներկայացնում աշխարհին:

ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թե խորհրդարանական եւ թե կառավարությունների մակարդակում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների սրումը որեւէ մեկին օգուտ չի կարող տալ. դրանք պետք է լուծվեն բանակցություններով: Խոսելով Մեղրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առեւտրային պալատի հետ:

Ալի Լարիջանին բարեկամական խմբերին հորդորել է առավել ակտիվացնել համագործակցությունն ու աշխատել տնտեսական կապերն առավել զարգացնելու ուղղությամբ:

*

*