ՀՀ-ն ու ԵՄ-ն հույս ունեն գործակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել 2017թ-ին

Երեւանում կայացել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:
areelyan-gorc@nk

«Հայաստանն ու Եվրամիությունը հույս ունեն հաջորդ տարի ավարտել գործակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ու սկսել ընթացակարգային աշխատանքները»:

Երեւանում կայացել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի արդյունքների ամփոփման ժամանակ էլ նման հայտարարություն է հնչեցրել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:

Իսկ մեր պետության արտգործնախարարն էլ հուսով է նաեւ, որ շուտով մեկնարկելու է դեպի Եվրամիության անդամ երկրներ՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Խոսելով Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրից՝ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ դրա շուրջ բանակցությունները սկսվել են 2015 թվականի դեկտեմբերին ու այդ ժամանակահատվածում կայացել է բանակցությունների 6 փուլ, որոնք բավականին հաջող են անցել:

Մի քանի տարի Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում էին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն անակնկալ հայտարարեց, որ մեր երկիրն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը:

Պահանջվել է ավելի քան 2 տարի մինչեւ որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեն շրջանակային նոր համաձայնագրի շուրջ:

*

*