ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծեցին երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։
hh-chaponia-agn

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոի հետ:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծեցին երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

*

*