Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ...

Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Երևանի նորընտիր  ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը: «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:

Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրների, ահազանգերի նկատմամբ, անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ:

Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը  12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները