Հայաստանն ու Վրաստանը թեւակոխում են եղբայրական եւ գործընկերային պատմության շրջան. ՀՀ նախագահ

Հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
armen-sargsyan (2)

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խորն արմատներ ունի:

«Երկու երկրներն այսօր թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային: Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու եւ իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Վրաստանի վարչապետը նշել է, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում:

«Այս տարին խորհրդանշական է եւ′ Հայաստանի, եւ′ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաեւ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները:

 

*

*