Մենք կսովորենք վիետնամերեն, նրանք՝ հայերեն

Հայաստանն ու Վիետնամը կիրականացնեն լեզուների ուսուցման համատեղ ծրագրեր։
vietnam hh despan raisa22

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելել է Հանոյի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Նգույեն Դին Լուանի հետ: Ինչպես  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում հայ-վիետնամական համագործակցության զարգացման հեռանկարները, երկու երկրների լեզուների ուսուցման համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը:

Դեսպան Վարդանյանն առաջարկել է Երևանի պետական համալսարանի և Հանոյի համալսարանի միջև ստորագրել համագործակցության փաստաթուղթ՝ երկու համալսարաններում փոխադարձաբար հայերեն և վիետնամերեն լեզուների ուսուցման ամբիոններ հիմնելու, ինչպես նաև կարճատև դասընացներ կազմակերպելու հնարավորությամբ:

Նգույեն Դին Լուանը, նշելով կրթության բնագավառում նախկին տարիներին ունեցած փորձը և ողջունելով նշված ուղղություններով համագործակցության ծրագրերը, տեղեկացրել է, որ իրենք պատրաստակամ են հայաստանյան բուհերի հետ համագործակցություն ծավալել և այդ նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել:

Զրուցակիցները նշել են նաև, որ առաջիկայում ԵԱՏՄ-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների ակնկալվող ակտիվության լույսի ներքո տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ կլինեն լեզվին տիրապետող մասնագետներ:

Դեսպան Վարդանյանը Հանոյի համալսարանի նախագահ Նգույեն Դին Լուանին հրավիրեց Հայաստան՝ երկրի մշակույթին և կրթական համակարգին տեղում ծանոթանալու համար:

 

*

*