Հայաստանի քրդերը հանրահավաք են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը»

Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է գերտերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին հանրահավաք են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն անել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց՝ թուրքական իշխանություններն այսօր որդեգրել են ողջ աշխարհի քրդերին վերացնելու քաղաքականություն, ուզում են քրդական հողերը վերցնել և այնտեղ տեղավորել 3 միլիոնից ավելի իսլամիստներին: «Դա հետագայում չարիք է դառնալու ամբողջ աշխարհի ժողովուրդների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դատապարտում ենք ԱՄՆ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք միջազգային հանրությանը, գերտերություններին: Դատապարտում ենք միջազգային հանրության խուլ ու համր ձևանալը, գերտերություններին՝ այդ թվում նաև ԱՄՆ-ին, որոնք քրդերին թողեցին մենակ՝ թուրքական թնդանոթների դեմ»,-ասաց Հասանովը:

«Քուրդստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին էին իրենց ազգակիցների նկարները, նրանք վանկարկում էին՝ «Էրդողան՝ մարդասպան»:

 

*

*