Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ. Շահան Գանտահարյան

Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը...
tramp-nikol-mey-erdoghan-bryusel-nato22 (1)

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով կատարված բազմաթիվ հանդիպումների ընթացքում փոխանցված մոտեցումներում եւ արված հայտարարություններում կարելի է առանձնացնել հետեւյալ մտքերը, որ ՀՀ վարչապետը հայտնել է Լատվիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը.

ա.  Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունները այս երկրներն ավելի են իրար միացնում եւ նրանց ավելի մոտ դարձնում: Հայկական կողմն ակնկալում է նաեւ ԵՄ աջակցություն այս ճանապարհին` ավելի ուժեղ դարձնելու Հայաստանի Հանրապետությունը:

բ. Ադրբեջանը շարունակում է շփման գծի իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաեւ Ադրբեջան:

գ. ՀՀ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:

դ. Անհրաժեշտ է միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծի վրա իրավիճակը սրելու փորձերին:

ե. ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

Այս հանդիպմանը արծարծված առանցքային մոտեցումները թվում է, որ կամփոփեն մեր արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլի կարեւորագույն շեշտադրումները:

Եվրախորհրդարանի համաժամանակյա բանաձեւերը ՀՀ-ին եւ Ադրբեջանին վերաբերող երկկողմ ուղերձներ էին փոխանցում. մեր դեպքում դրական-քաջալերական, Ադրբեջանի` բացասական-պայմանադրական: Դրական-քաջալերականը հիմնովին վերաբերում էր ժողովրդավարացմանը եւ այս դեպքում եւրոպական կամ ընդհանրապես արեւմտյան մոտեցումով հետխորհրդային ախտանիշերի վերացման միտումներին. իսկ բացասական- պայմանադրականը բռնատիրության, միանձնյա կառավարական համակարգի եւ դարձյալ հետխորհրային երկրները հատկանշող ախտանիշային առումով չհեռացող ղեկավարների իրողությամբ:

Հայկական կողմը, ի դեմս վարչապետի, լիարժեք օգտագործում է միջազգային հարթության վրա գոյություն ունեցող այս ընկալում-դիրքորոշման հիման վրա ստեղծվող պահերը:

Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը նպատակաուղղված քայլ  է կատարում միջազգային հարված հասցնելու Բաքվին եւ դրանով իսկ հայանպաստ դիրքորոշումներ ապահովելու արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, շրջելու համար խաղի հավասարեցման կանոնները:

Այս նոր բացատրությունը, որը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի վարչապետը թե‘ շփման գծին եւ թե‘ պետական սահմանին Ադրբեջանի կատարած գործողություներին` լրիվ տեղավորվում է միջազգային ընկալում-դիրքորոշման այսօրվա իրականության ճշտած սահմաններում: Բաքուն հարձակողապաշտության նոր դրսեւորումներ  է կազմակերպում կանխարգելելու համար ժողովրդավարական ալիքի ՀՀ-ից Ադրբեջան անցումը: Այստեղ միաժամանակ նուրբ ձեւով փոխանցվում է նաեւ այն պատգամը, որ Երեւանը Հարավային Կովկասում կարելի է դիտարկել իբրեւ ժողովրդավարական կարգեր արտահանող երկիր:

Այս հայտարարության քաղաքական փիլիսոփայության ամփոփումն այն է, որ ներկա պահին Երեւանը Բաքվի հարձակողապաշտպության դրդապատճառների պարզաբանման համար միջազգային մակարդակի վրա ընկալելի նոր հնչեղություն է ապահովում եւ դրա հիման վրա կոշտ արձագանք ակնկալում միջազգային ընտանիքից զսպելու համար Բաքվի ախորժակները:

Իսկ այս վարքագծի հետեւողականության համար Երեւանը հայտարարում է իր պատրաստ լինելը՝ առաջիկա ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ կազմակերպելու եւ անցկացնելու համար, որոնք անպայման կարող են միջազգային հեղինակության նոր նշաձող ապահովել մեր երկրին, իսկ հավելյալ բացասական- պայմանադրական ճնշումներ Բաքվին՝  հատկապես նկատի ունենալով Գանձակի շրջանում գրանցված պատահարները եւ Բաքվի իշխանությունների հակազդեցության եղանակները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները