ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին

Կոնգրեսականները կոչ են անում Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ
kongres

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:

Կոնգրեսականները ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում:

«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: Կոնգրեսականները նաև խնդրում են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև:

*

*